Դիպլոմների հանձնման և շրջանավարտների ավարտական արարողությունը՝ հուլիսի 9-ին

Դիտումների քանակ՝ 1626

Սիրելի շրջանավարտներ, ՀՊՏՀ-ականներ, այսօր արդեն կարող ենք հայտնել Ձեզ այդքան հետաքրքրող հարցի պատասխանը՝ ավարտական վկայականների՝ դիպլոմների հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին:
Գործընթացն անխափան իրականացնելու համար տեղին ենք համարում ներկայացնել հետևյալ մանրամասները: Հուլիսի 9-ին նախատեսված միջոցառումը, ըստ էության, բաղկացած է երկու մասից: Առավոտյան ժամը 11.00-ին բոլորիդ՝ առկա և հեռակա բակալավրիատի, ինչպես նաև առկա և հեռակա մագիստրատուրայի բոլոր շրջանավարտներին հրավիրում ենք ՀՊՏՀ բակ, որտեղ նախատեսված է դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը: Այդ հանդիսավոր արարողության ժամանակ Ձեզ, սիրելի շրջանավարտներ, հրաժեշտի և բարեմաղթանքի խոսքեր կհնչեցնեն բուհի ղեկավարությունը, հյուրերը: Այնուհետև դիպլոմների հանձնման գործընթացը կշարունակվի ֆակուլտետներում:
Միջոցառման երկրորդ մասը տեղի կունենա երեկոյան ժամը 19.00-ին՝ կրկին ՀՊՏՀ բակում, որտեղ սպասվում է հրաշալի միջոցառում՝ լի անակնկալներով: Այստեղ Ձեզ, սիրելի շրջանավարտներ, սպասվում են անակնկալներ՝ պատրաստված բուհի ղեկավարության կողմից: Այդ օրը Ձեզ՝ որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ՝ կզարդարեն համալսարանի տարբերանշանով՝ ՀՊՏՀ բրենդային գույներով հատուկ պատվիրված շարֆերը: Այնպես որ ՀՊՏՀ ղեկավարությունը այս տարի ևս Ձեր ավարտական հանդեսն անմոռանալի դարձնելու համար մեծ ջանքեր է գործադրել:
Մեկ ճշգրտում ևս. հուլիսի 9-ին ավարտական վկայականներ կստանան միայն առկա բակալավրիատի շրջանավարտները, բայց ավարտական արարողությունը բոլոր կրթաձևերի շրջանավարտների համար է, ուստի, ինչպես նշվել է վերևում, հանդիսությանը հրավիրվում են բոլոր կրթաձևերի շրջանավարտները: Առկա բակալավրիատի ուսանողները մինչև հուլիսի 9-ը՝ առջևում եղած այս երկու աշխատանքային օրերին պետք է շրջիկ թերթիկներով  և  անձնագրով  ներկայանան ուսումնակազմակերպական բաժին (Նալբանդյան 128, գլխավոր մասնաշենք, 3-րդ հարկ)՝ գրանցամատյաններում ստորագրելու համար: Հեռակա բակալավրիատի, առկա և հեռակա մագիստրատուրայի ուսանողների դիպլոմների տրման մասին տեղեկատվությունը կլինի հետագա օրերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին