Հուլիսի 5-ին Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանը կդիմավորի առաջին հերթափոխի հանգստացողներին

Դիտումների քանակ՝ 1291

Հուլիսի 5-ին Դիլիջանում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը սիրով կդիմավորի հանգստանալու եկած ՀՊՏՀ աշխատակիցներին և ուսանողներին: Նշենք, որ այս օրերին հաշվապահական հաշվառման բաժնում շարունակվում է ուղեգրերի վաճառքը, և առաջին հերթափոխի (հուլիսի 5-ից հուլիսի 17-ը) համար արդեն վաճառվել է 30 ուղեգիր:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանն ասաց, որ բուհի ղեկավարությունն ամեն ինչ արել է հանգստացողներին պատշաճորեն դիմավորելու և նրանց հանգիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: ՀՊՏՀ աշխատակիցներից 5 հոգի 10 օրով գործուղվել են Դիլիջան` «Տնտեսագետ» մարզաառողջարանում վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար: Մասնավորապես` տնակներից մեկի փայտյա հատակն ամբողջովին վերանորոգվել և նորացվել է:  Վերանորոգվել են նաև մարզաառողջարանի ջրագծերը և կոյուղագծերը, բարեկարգման աշխատանքներ են կատարվել լոգարաններում և սանհանգույցներում, կարգի են բերվել բոլոր տնակներն ու քոթեջները, խոհանոցը, վոլեյբոլի և բասկետբոլի դաշտերը, սեղանի թենիսի խաղահրապարակը, մարզահրապարակներում կատարվել են գծանշումներ: Միխաիլ Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ ձեռք է բերվել խոհանոցային նոր սպասք, լուծվել են սննդի կազմակերպման հարցերը` պայմանագրեր կնքելով սնունդ արտադրող տարբեր կազմակերպությունների հետ:
«Ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր հանգստացողներին մատուցենք թարմ ու սննդարար կաթնեղեն, մսեղեն, հացաբուլկեղեն և այլ սննդամթերք: Ինչպես անցած տարի, այս տարի ևս ճաշարանում կաշխատեն փորձառու խոհարարներ, ՀՊՏՀ նախկին աշխատակիցներ Հրաչյա Թովմասյանը ու Կարինե Պետրոսյանը»,- ասաց Միխաիլ Կարապետյանն ու հավաստիացրեց, որ այս պահի դրությամբ ավարտվել են նախապատրաստական վերջին աշխատանքները, լուծվել ծագած խնդիրներն ու հիմնահարցերը, և մարզաառողջարանը պատրաստ է դիմավորելու հանգստացողներին:
Մենք զրուցեցինք նաև համալսարանի ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս, մարզաառողջարանի պետ Հակոբ Կյոկչյանի հետ: Վերջինս նշեց, որ ամեն ինչ կարվի, որպեսզի հանգստացողների առօրյան լինի բազմաբովանդակ ու հիշարժան: Կազմակերպվող մարզական, մշակութային ամենատարբեր միջացառումները հանգստացողներին դրական լիցքեր կհաղորդեն:
«Դիլիջանի Բլդան գետի գեղատեսիլ ափին սփռված «Տնտեսագետ» մարզաառողջարանի բոլոր հերթափոխերի բնակիչները կվերադառնան ոչ միայն հանգստացած ու կազդուրված, այլև լի հարուստ տպավորություններով»,-մեր զրույցի ավարտին վստահեցրեց Հակոբ Կյոկչյանը:

Հիշեցնենք` «Տնտեսագետ» մարզաառողջարանի առաջին հերթափոխը կտևի հուլիսի 5-17-ը: Հերթափոխերի ուղեգրերի վաճառքը շարունակվում է: Երկրորդ հերթափոխը հուլիսի 18-ից հուլիսի 30-ն է, երրորդը` հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը, չորրորդը` օգոստոսի 13-ից օգոստոսի 25-ը:
Ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար 35 հազար դրամ է, իսկ ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների ընտանիքների անդամների համար` 40 հազար դրամ: 
Ուղեգրերի ձեռք բերման համար կարող եք դիմել համալսարանի հաշվապահական հաշվառման բաժին: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարականության հետ կապերի բաժին