«Ուսանողական գարուն-2013» փառատոնում հաղթած ֆակուլտետի ուսանողներն արժանացան շնորհակալագրերի

Դիտումների քանակ՝ 769

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանն այսօր շնորհակալագրեր հանձնեց մշակութային և մարզական ուսանողական միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունեցած ուսանողներին:
«Ես այսօր հպարտանում եմ ձեզանով: Ձեր շնորհիվ մեր երիտասարդ ֆակուլտետը հաղթեց «Ուսանողական գարուն-2013 » փառատոնում` հպարտության ու ոգևորության անասելի պահեր պարգևելով բոլորիս: Դուք թե’ մարզական, թե’ մշակութային միջոցառումների ընթացքում դրսևորել եք կամք, համառություն և հաղթանակի հասնելու ձգտում: Իսկ ամենակարևորը ձեր շնորհիվ ձևավորված միասնական ու համախմբված, մի բռունցք դարձած ընտանիքն է»,-ողջունելով ուսանողներին` ասաց ֆակուլտետի դեկանը և հույս հայտնեց, որ հաջորդ ուսումնական տարում ևս ուսանողները սրբորեն կպահպանեն ձևավորված ընկերական ջերմ հարաբերությունները, սիրով կընդունեն նաև առաջին կուրս ընդունվածներին` նրանց դարձնելով իրենց ընտանիքի լիարժեք անդամը: Աշոտ Մաթևոսյանը տեղեկացրեց նաև, որ դեկանի ստորագրությամբ շնորհակալագրերը կկցվեն ուսանողների անձնական գործերին և կդառնան նրանց կենսագրության մի մասը:
Ֆակուլտետի ուսանողներին ողջունեց նաև ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը: «Այս ֆակուլտետի հաջողությունը մեզ համար ևս անակնկալ էր. երիտասարդ, մեծ փորձ չունեցող ֆակուլտետը հաղթեց ավելի փորձառուներին: Այս հաղթանակը, անկասկած, միասնական ու համախմբված աշխատանքի արդյունք է»,-ասաց Սևակ Խաչատրյանը և մաղթեց, որ ֆակուլտետի ուսանողությունը հաջորդ տարիներին ևս նույնպիսի ոգևորությամբ հանդես գա և պահպանի ձեռք բերած հաջողությունը: Ուսանողական խորհրդի նախագահը առաջին շնորհակալագիրը հանձնեց ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Էսմա Դալլաքյանին: Այնուհետև Աշոտ Մաթևոսյանը շարունակեց շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

«Այս ֆակուլտետn ինձ համար հարազատ տուն է դարձել: Չեմ պատկերացնում առօրյաս առանց ուսանողական անցուդարձի, քննարկումների ու բանավեճերի: Ինձ համար անչափ ոգևորիչ ու նաև պարտավորեցնող է մեր դեկանի այս վերաբերմունքը: Նրա օգնությունն ու աջակցությունը զգում ենք ամեն պահ: Շնորհակալ ենք նրան ջերմ վերաբերմունքի ու հնչեցրած գնահատականի համար»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց 1-ին կուրսի ուսանող Արա Բաղդադյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին