Զորակոչի ենթակա ՀՊՏՀ ուսանողները պատրաստվում են մեկնել բանակ. նրանց բարեմաղթանք է հղել բուհի ռեկտորը

Դիտումների քանակ՝ 1177

Այս օրերին զորակոչի ենթակա ՀՊՏՀ ուսանողները, զորակոչի ենթակա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները պատրաստվում են մեկնել Հայոց բանակ և կատարել իրենց սրբազան պարտքը հայրենիքի առաջ:
«Հպարտորեն, պարտքի ու պատասխանատվության մեծ զգացումով եմ պատրաստվում ծառայել Հայոց բանակում: Մեր սահմաններն անառիկ պահելը, մեր երկրում խաղաղություն ապահովելը յուրաքանչյուրիս պատվի գործն է»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց հաշվապահական հաշվառում մասնագիտության 1-ին կուրսի ուսանող, զորակոչիկ Խորեն Տեր-Հովհաննիսյանը և հավելեց, որ արդեն ստացել է ծանուցագիր և զինվորական ծառայության է մեկնելու հունիսի 28-ին: Նա ուրախությամբ նշեց, որ կհասցնի հանձնել ամփոփիչ քննությունները և վայելել ուսանողական կյանքի մի քանի օր ևս: Ապագա զինվորը միայն ափսոսում է, որ վերադառնալուց հետո այլևս այս կուրսում չի սովորելու, սակայն հավատում է, որ իր և համակուրսեցիների միջև ստեղծված ջերմ հարաբերությունները կշարունակվեն հետագայում ևս: «Վստահեցնում եմ, որ բանակ մեկնող իմ համակուրսեցի ընկերները ևս գիտակցում են, որ բանակում ծառայելն իրենց սրբազան գործն է և պատրաստ են զինվոր դառնալ»,-իր դիտարկումները հայտնեց Խորեն Տեր-Հովհաննիսյանը և հավաստիացրեց, որ վերադառնալու են ավելի հասունացած, ինքնահաստատված և ուսումնառությունը շարունակելու են նոր ոգևորությամբ:
Զորակոչային տարիքի ուսանողներին, ինչպես նաև զինծառայությունն ավարտած մեր ուսանողներին բարեմաղթանք է հղել նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: «Սիրելի ուսանողներ, շրջանավարտներ, հարազատ բուհը հպարտ է բանակ զորակոչվող իր սաներով: Հայոց բանակում ծառայելը յուրաքանչյուր երիտասարդի սրբազան պարտքն է, հայրենիքի սահմանների պաշտպանությունը՝ անառարկելի անհրաժեշտություն: Ձեր ամբողջ ծառայության ընթացքում մենք պարբերաբար հպարտանալու առիթներ ենք ունենում, քանի որ հաճախ ես տարբեր զորամասերից մեր ուսանողների օրինակելի ծառայության մասին շնորհակալագրեր եմ ստանում: Վստահ եմ, որ Դուք ևս համալրելու եք այդ երիտասարդների շարքերը, որոնց մասին մենք հրաշալի գովեստի խոսքեր ենք լսելու: Հավատացած եղեք, հարազատ բուհը ուրախ է Ձեր հաջողություններով և սպասում է Ձեր վերադարձին: Խաղաղ երկինք Ձեզ և բարի ծառայություն:
Ինչ վերաբերում է Ձեզ՝ զինծառայությունն ավարտած մեր սիրելի ուսանողներ, շնորհավորում ենք Ձեզ և ցանկանում, որ նոր ջերմեռանդությամբ անցնեք ուսումնական գործընթացի շարունակությանը»,- ասվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին