Մեր բուհը Հայաստանը ներկայացրել է Բեյջինգի ֆինանսների և տնտեսագիտության ինստիտուտի սեմինար-խորհրդակցությանը
Մայիսի 7-ից 29-ը Չինաստանի մայրաքաղաք Բեյջինգի (Պեկին) ֆինանսների և տնտեսագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ այնտեղ անցկացվել է սեմինար-խորհրդակցություն` զարգացող երկրների բուհերի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Հայաստանը ներկայացրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ի դեմս գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանի: Վերջինս լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնելով այս մասին՝ նշեց, որ սեմինար-խորհրդակցությանը մասնակցել են 15 երկրների, այդ թվում` Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան ավազանի, Մալդիվյան կղզիների երկրների, Մոնղոլիայի տարբեր բուհերի ներկայացուցիչներ: Նախկին ԽՍՀՄ-ից մասնակիցներ են ներկա եղել Վրաստանից ու Ղրղզստանից:
«Սեմինար-խորհրդակցությունը նվիրված էր ինչպես գիտական հետազոտությունների միջազգայնացման, այնպես էլ կրթական բարեփոխումների իրականացման հիմնախնդիրներին: Ուշագրավ է այն հանգամանքը, որ բոլոր զարգացող երկրներում առկա էին գրեթե նույն խնդիրները, օրինակ` նախաավարտական և ուսումնական պրակտիկաների կազմակերպման ոչ բավարար մակարդակը, գիտահետազոտական ծրագրերի իրականացման և գիտահետազոտական կենտրոնների արդյունավետության բարձրացումը»,- մեզ հետ զրույցում ասաց Խորեն Մխիթարյանը: ՀՊՏՀ գիտության բաժնի պետը նշեց նաև, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Բահամյան կղզիների գործարարության դպրոցի և Ֆիջիի ազգային համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի հետ` նվազագույնը 2 տարի ժամկետով փոխհամագործակցային հարաբերություններ ստեղծելու մասին:
Խորեն Մխիթարյանը տեղեկացրեց նաև, որ սեմինար-խորհդակցության աշխատանքային խումբն այցելել է Շանհայի արտաքին առևտրի ինստիտուտ, որտեղ հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, ծանոթացել կատարվող կրթական բարեփոխումներին, ուսումնառության կազմակերպման գործընթացին:
«Այդ բուհում հանդիպեցինք նաև Հայաստանից այնտեղ սովորող 4 ուսանողների, որոնք պատմեցին իրենց ուսանողական առօրյայի և ուսումնառության ընթացքի մասին»,-տեղեկացնելով այս մասին` Խորեն Մխիթարյանը գոհունակությամբ նշեց, որ հայաստանցի ուսանողներն օտարերկրյա բուհում ստեղծել են Հայաստանին նվիրված անկյուն և բարձր են պահում իրենց երկրի պատիվը:
Սեմինար-խորհրդակցության ավարտին բոլոր մասնակիցներին տրվել են հավաստագրեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին