Ավարտվեցին ուսումնական պարապմունքներն ու ստուգարքները (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1111

Ավարտին է մոտենում ևս մեկ ուսումնական շրջան: Շուտով կամփոփվի 2012-2013 ուսումնական տարին: Այսօր մեր բուհում ավարտվեցին ուսումնական պարապմունքներն ու ստուգարքները: Հունիսի 10-ից կմեկնարկեն քննությունները, որոնք կտևեն երեք շաբաթ և կավարտվեն հունիսի 25-ին:
Այս տվյալները լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:
Մեր համալսարանում այս օրերին իսկական եռուզեռ է. ուսանողները մեծ ոգևորությամբ և եռանդով պատրաստվում են քննություններին:

Նախաքննական «անհանգիստ» տրամադրությունները և ուսանողական իրարանցումները սկսվում են մեր բուհի բակից` ներհամալսարանական մթնոլորտին հաղորդելով երիտասարդական թարմ շունչ: Բոլոր ուսանողներին մաղթում ենք հաջող քննական շրջան:

Նշենք նաև, որ այս տարվա շրջանավարտների համար բուհի ղեկավարությունը պատրաստում է հաճելի անակնկալ՝ ավարտական շքեղ միջոցառման տեսքով: Այսինքն՝ հարազատ բուհը շրջանավարտներին դիպլոմները կհանձնի և մեծ կյանք կճանապարհի հիշարժան արարողությամբ: Սպասվող այս իրադարձության մասին մենք պատշաճ կտեղեկացնենք առաջիկայում, սիրելի շրջանավարտներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին