Ծաղկաձորում ընթանում է ՀՊՏՀ ՈՒԳԸ 35-րդ հոբելյանական նստաշրջանի համահամալսարանական փուլը

Դիտումների քանակ՝ 848

Ծաղկաձորի գրողների միության հանգստյան տան հանդիսությունների սրահում երեկ իր աշխատանքներն սկսեց ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության 35-րդ հոբելյանական նստաշրջանի համահամալսարանական փուլը` «ՀՀ տնտեսության զարգացման հիմնախնդիրները» խորագրով, որին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ուսանողական գիտաժողովի մասնակիցներին ողջունեց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: «Ուսումնառության ընթացքում կատարած գիտահետազոտական աշխատանքները կրթական գործընթացի կարևորագույն բաղադրիչն են: Սա այն ճանապարհն է, որը ոչ միայն գիտության աշխարհ է տանում, այլև նպաստում է ստեղծարար մտքի զարգացմանը, մասնագիտական խորը գիտելիքների ձեռքբերմանը»,-բացման խոսքում ասաց պրոռեկտորը: Վերջինիս խոսքով` հենց այս ուսանողներն են, որ ապագայում կհամալրեն համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի շարքերը` դառնալով իրենց ուսուցանողների արժանի փոխարինողներ: Գագիկ Վարդանյանը նշեց նաև, որ գիտական աշխատանքներ կատարելու ունակ ուսանողները կարող են ընդգրկվել ՀՊՏՀ-ի հետազոտական կենտրոնում և լրջորեն զբաղվել գիտական ուսումնասիրություններով: Հաջողություն մաղթելով ՈՒԳԸ 35-րդ հոբելյանական նստաշրջանի համահամալսարանական փուլի մասնակիցներին` պրոռեկտորը հույս հայտնեց, որ նստաշրջանում կլսվեն մեր տնտեսության արդիական հիմնախնդիրներին առնչվող զեկուցումներ, կլինեն արժեքավոր առաջարկություններ ու եզրահանգումներ:
Ուսանողական գիտական ընկերության նախագահ Վլադիմիր Գևորգյանը, շնորհավորելով ուսանողներին գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ, նշեց, որ իրենց եզակի հնարավորություն է ընձեռված աշխատանքները կազմակերպել բուհի պատերից դուրս` բնության այս գողտրիկ անկյունում և ավելի անկեղծ, ջերմ ու անմիջական միջավայրում ներկայացնել իրենց ուսումնասիրությունները, կազմակերպել քննարկումներ ու բանավեճեր:
Այնուհետև մեկնարկեց գիտաժողովի լիագումար նիստը:
ՈՒԳԸ 35-րդ հոբելյանական նստաշրջանն իր աշխատանքները շարունակում է այսօր, իսկ վաղը կլինի ամփոփումը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին