Ամփոփվեց «Ուսանողական գարուն 2013» փառատոնը. հաղթող ճանաչվեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը

Դիտումների քանակ՝ 1111

Այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ գալահամերգ, որտեղ ՀՊՏՀ տաղանդաշատ ուսանողները հանդես եկան երգ ու պարով: Համերգի վերջում ամփոփվեցին «Ուսանողական գարուն 2013» փառատոնի արդյունքները, հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով: 
Նշենք, որ նախորդ օրերի ելույթներում հանդես էին եկել ՀՊՏՀ կառավարման, ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների ՈՒՀԱ թիմերը: 
Թիմերից յուրաքանչյուրը ներկայացել էր ինքնատիպ հումորային ծրագրով: Դահլիճի թնդացող ծափողջույններն ու մասնակիցների լիաթոք ծիծաղը փաստում էին ՈՒՀԱ թիմերի լավ պատրաստվածությունն ու հետաքրքիր ելույթներով հանդես գալը. թիմերը ուսանողական կյանքին առնչվող տարբեր իրավիճակներ խաղարկել էին հումորային մի շարք ժանրերում: 
«Ուսանողական գարուն 2013» փառատոնի շրջանակներում տեղի ունեցած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հաղթողների պատվոգրերը հանձնեց ՀՊՏՀ «Index Pro» գիտակների թիմի ավագ Հարություն Արզումանյանը: Այսպիսով, 1-ին պատվավոր տեղը զբաղեցրեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը, 2-րդ տեղը` ֆինանսական, երրորդը` կառավարման ֆակուլտետները: 
Երգի մրցույթում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. 1-ին տեղը գրավեց Շուշան Արմենակյանը, 2-րդ տեղը` Քնարիկ Գրիգորյանը, 3-րդ տեղը` Սյուզի Խաչատրյանը: Շնորհալի աղջիկներին պատվոգրերը հանձնեց կառավարման կառավարման ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանը: 
Պարի մրցույթում 1-ին տեղը զբաղեցրեց Աննա Շաշիկյանը, 2-րդ տեղը` Կարինե Հարությունյան և Նարեկ Նորեյան զույգը, 3-րդ տեղը` Մերի Գրիգորյան և Էլեն Ուլյան զույգը: Մրցանակակիրներին պատվոգրերով պարգևատրեց «Էկոնոմ պլյուս» ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Բեջանյանը: 
ՈՒՀԱ մրցանակակիրներին պարգևատրեց ՀՊՏՀ ուսխորհրդի փոխնախագահ Սերգեյ Խառատյանը: «Լավագույն դերասան» հատուկ կոչմանն արժանացան և պատվոգրեր ստացան Հայկ Ասատրյանը, Դավիթ Մինասյանը, Սարգիս Հովհաննիսյանը, իսկ Մարիամ Ոսկանյանն արժանացավ «Լավագույն դերասանուհի» կոչմանը:
Ֆինանսական ֆակուլտետի թիմն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» և «Լավագույն տեսահոլովակ» մրցանակներին, «Լավագույն երաժշտական համար» կոչմանն արժանացավ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը: «Լավագույն ծրագիր» կոչմանն արժանացավ, այսինքն` հաղթող ճանաչվեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը: 
«Ուսանողական գարուն 2013» փառատոնն ունեցավ այսպիսի գեղեցիկ ավարտ:
Շնորհավորում ենք հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետին և փառատոնի մյուս մրցանակակիրներին: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին