Գեղեցիկ խոսքի իսկական տոնահանդես. ամփոփվեցին «Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթի արդյունքները
ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում այսօր շարունակվեց «Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթը, որը դարձավ գեղեցիկ խոսքի իսկական տոնահանդես: 14 մասնակից գրագետ շարադրանքով, տրամաբանված ու համոզիչ ներկայացրեց իր ասելիքը` ճարտասանական ունակություններով բավականություն պատճառելով հանդիսատեսին: Նրանց ելույթները գնահատեց մրցատյանը` առաջնորդվելով հետևյալ չափանիշերով` որքանով է խոսքը համոզիչ ու հասկանալի, լեզվական անաղարտություն, լսարանը կառավարելու ունակություն, ճարտասանի պահվածք: Սահմանվեց գնահատման համակարգ` 5 միավորով:
Ամփոփելով արդյունքները` մրցատյանը որոշեց առանձնացնել 10 լավագույններին, իսկ մնացած 20-ին` համարել հաջողակ մասնակիցներ:
Այսպիսով` 10 լավագույն մասնակիցներ ճանաչվեցին Անի Կարապետյանը, Յանա Հովհաննիսյանը, Հայկ Գրիգորյանը, Մերի Հայրապետյանը, Հռիփսիմե Սմբատյանը, Շուշան Միրզոյանը, Լիանա Սարդարյանը, Տաթևիկ Ափյանը , Մարիամ Ամիրխանյանը, Անահիտ Թումանյանը:
Հավելենք, որ «Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթը հովանավորել էր ՀՊՏՀ շրջանավարտ, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Դավիթ Հարությունյանը, ում շնորհիվ 10 լավագույն մասնակիցներին հանձնվեցին գրքեր և դրամական պարգևներ:
ՀՊՏՀ ուսխորհուրդը ևս շնորհեց իր մրցանակը, որի հասցեատեր դարձան առաջին 5 տեղը զբաղեցրած մասնակիցները: Իսկ մրցանակն էր` Դիլիջանի « Տնտեսագետ» մարզաառողջարարական ճամբարի 7-օրյա ուղեգիրը: Կառավարման ամբիոնի պրոֆեսոր Վալերի Միրզոյանը նույնպես բոլոր մասնակիցներին պարգևատրեց արժեքավոր գրքերով:
Հիշեցնենք, որ «Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթը մեկնարկել էր երեկ` մայիսի 20-ին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին