«Բաց դաս»՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Բաց դաս» «Թմրամոլություն» թեմայով: Նախաձեռնությանը, որը ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնինն էր, մասնակցում էին ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ: «Բաց դաս»-ը վարեց վերոնշյալ ամբիոնի դասախոս Տաթևիկ Գաբրիելյանը:
«Թմրամոլությունը դեպի մահ ու կործանում տանող ծանր հիվանդություն է, ուստի բոլորս պետք է դրա մասին իմանանք ամեն ինչ, որպեսզի զերծ մնանք այդ չարիքից»,- ասաց բանախոսը և հանգամանորեն ներկայացրեց, թե ինչ է թմրամոլությունը: Տաթևիկ Գաբրիելյանը, տալով թմրամոլության բժշկական բնորոշումը, տեղեկացրեց, որ այսօր ամբողջ աշխարհում 210 մլն մարդ օգտագործում է թմրամիջոց, իսկ մահանում` օրական 200 հազար մարդ:
«Թմրամոլության դեմ պայքարի համար ստեղծվել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, սակայն դրանց գործունեությունը սպասված արդյունքը չունի: Այս չարիքի դեմ պայքարողը պետք լինի հենց թմրամոլը` դրսևորելով կամքի մեծ ուժ և բուժվելու ցանկություն», - «Բաց դաս»-ի ավարտին նկատեց բանախոսը և, ցուցադրելով «Թմրամոլություն` առաջ և հետո» վերնագրով լուսանկարներ, կոչ արեց երբևէ, թեկուզ մեկ անգամ, չօգտագործել թմրամիջոց:
Տաթևիկ Գաբրիելյանը սիրով պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին