Տնտեսագիտության տեսության ամբիոնում մեծարման հանդիսություն էր
ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի նիստի առաջին մասն այսօր հանդիսավոր ու տոնական էր և օրակարգային հարցերի քննարկումից առաջ մեծարման հուզիչ միջոցառման վերածվեց: Ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Ֆիրուզա Մայիլյանը հայտնեց հավաքի առիթը. ամբիոնի անձնակազմը վաստակած հանգստի է ճանապարհում ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Կիմա Վարդանյանին:
«Մեր հարգելի ու շատ սիրելի Կիմա Վարդանյանը չորս տասնյակից ավելի տարիներ աշխատում է մեր համալսարանում և այդ ամբողջ ընթացքում գիտնականի ու մանկավարժի գիտելիքը, հմտությունը ու սերն է նվիրաբերել մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը: Ամբիոնի անձնակազմի և իմ սերնդակիցների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ուսուցչին և ավագ գործընկերոջը՝ համատեղ արգասաբեր աշխատանքի, մեծ ավանդի ու բարենպաստ այն միջավայրի համար, որը ստեղծել են նա ու իր սերնդակիցները՝ նախապատարաստելով այսօրվա ձեռքբերումներով լի ներկան»,-ասաց Ֆիրուզա Մայիլյանը:
Այնուհետև Կիմա Վարդանյանին ջերմ խոսքեր հասցեագրեցին և գիտնականի, մանկավարժի, քաղաքացու, մոր ու կնոջ կերպարը արժևորեցին, առողջություն ու երկար տարիների կյանք մաղթեցին գործընկերները: Տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր Իշխան Խլղաթյանը հիշեց Երևանի պետական համալսարանում իրենց ուսանողական տարիները, երբ Կիմա Վարդանյանը ՈՒԳԸ և կոմերիտմիության քարտուղար էր, երբ աշխատասիրությամբ կերտում էր իր առաջընթացը: Նույն ամբիոնի դոցենտ, կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը նշեց, որ տիկին Վարդանյանը երբեք «հաջողության դեֆիցիտ» չի ունեցել, իսկ այժմ լավագույն ժամանակն է նվիրվելու թոռնիկների դաստիարակությանը: Ամբիոնի դոցենտ Սամվել Գրիգորյանը հիշատակեց ամբիոնի տարբեր սերունդների կին գիտնական-մանկավար-ներին՝ Կատարինե Վարդանյանին, Մանուշ Մկրտչյանին, Ազնիվ Տերտերյանին՝ ասելով, որ Կիմա Վարդանյանը կարծես «ծաղկաքաղ է արել բոլորից և այդ բույրը նվիրաբերել հարազատ ամբիոնին»:
Դոցենտ Մուշեղ Հակոբյանը հիշեց 23 տարի առաջ իր առաջին հանդիպումը ավագ գործընկերոջը, իր առաջին վառ տպավորությունը, որ ստացավ, այնուհետև տարիներ շարունակ ամրապնդվեց. կենսախինդ, բանիմաց, գեղեցիկ, հնչեղ խոսքով….
Ամբիոնի դասախոսները բոլորը շնորհավորեցին ու մեծարեցին Կիմա Վարդանյանին՝ կրկին ընդգծելով նրա մարդկային ու մասնագիտական բարձրարժեք և օրինակելի կերպարը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին