Հրատարակվել է «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ուսումնական ձեռնարկը

Դիտումների քանակ՝ 965

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Նազարյանի, նույն ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի և դոցենտ Դավիթ Հախվերդյանի հեղինակությամբ լույս է տեսել «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ուսումնական ձեռնարկը` 2 հատորով:

 Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Կիրակոսյանի` վերոնշյալ ուսումնական ձեռնարկի գրախոսականից տեղեկանում ենք, որ ձեռնարկում  բացահայտվել են միջազգային տնտեսական հարաբերությունների հիմնական օրինաչափությունները, քննարկվել դրանց գործունեության մեխանիզմները: Գրիգոր Կիրակոսյանը նշում է, որ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ուսումնական ձեռնարկի 2 հատորներում ներկայացվել են արտաքին առևտրի վերաբերյալ դասական և նոր դասական տեսությունները, որոնց հիման վրա բացահայտվել են միջազգային առևտրային քաղաքականության առանձնահատկությունները: Հեղինակներն անդրադարձել են նաև միջազգային արժութային հարաբերություններին ու պետական կարգավորմանը, ազգային և համաշխարհային արժութային համակարգերին, արժույթի էությանն ու գնանշմանը, արժույթի փոխարժեքին և դրա վրա ազդող գործոններին, համաշխարհային արժութային շուկայի էությանն ու դրանում իրականացվող գործառնություններին: Ներկայացվել են նաև միջազգային տնտեսական ինտեգրման առանձնահատկությունները շուկայական տնտեսության պայմաններում, տնտեսական ինտեգրման մեխանիզմը, փուլերը և նպատակները, ինչպես նաև  ինտեգրման գործընթացների զարգացման արդի միտումները, տնտեսական և քաղաքական հետևանքները:

Ուսումնական ձեռնարկը եզրափակվել է գլոբալացման և մրցակցության հիմնախնդիրների ուսումասիրությամբ:

 Շնորհավորում ենք ուսումնական ձեռնարկի հեղինակներին և մաղթում նորանոր հաջողություններ:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին