«Ամբողջական պահանջարկի կառուցվածքային տեղաշարժերի վերլուծությունն ու կանխատեսումը ՀՀ-ում». գիտական սեմինար
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտական սեմինար` «Ամբողջական պահանջարկի կառուցվածքային տեղաշարժերի վերլուծությունն ու կանխատեսումը ՀՀ-ում» թեմայով, որին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Իշխան Տիգրանյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, դասախոսներ, ուսանողներ:
«Շատ կարևոր է նման սեմինարների, քննարկումների ու բանավեճերի անցկացումը: Այս ընթացքում մենք հնարավորություն ենք ունենում ծանոթանալու ամբիոններում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին և տեսնում, թե յուրաքանչյուրը ինչ հետազոտական աշխատանք է կատարում»,-մասնակիցներին ողջունելով` Գագիկ Վարդանյանը նշեց, որ նման միջոցառումներ պետք է ավելի հաճախ կազմակերպվեն:
ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի պայմանագրային ֆինանսավորմամբ (թեմատիկ) իրականացվող` «Ամբողջական պահանջարկի կառուցվածքային տեղաշարժերի վերլուծությունն ու կանխատեսումը ՀՀ-ում» խորագրով գիտական թեմայի շրջանակում կատարված ուսումնասիրությունները ներկայացրեց աշխատանքային խումբը` մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Իշխան Տիգրանյանը (խմբի ղեկավար), նույն ամբիոնի դոցենտներ Քնարիկ Վարդանյանը, Գայանե Ավագյանը և Թաթուլ Մկրտչյանը: Վերջիններս անդրադառնալով իրենց կատարած ուսումնասիրություններին` նշեցին, որ գիտական թեմայի շրջանակներում վերլուծության են ենթարկել ՀՀ-ում ամբողջական պահանջարկի և դրա առանձին բաղադրիչների կառուցվածքի փոփոխությունները, բացահայտել են դրանց վրա ազդող գործոնները և գնահատել ազդեցության չափը:
Սեմինարի ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին