Տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը տեղի ունեցավ այսօր՝ հագեցած օրակարգով: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը հանդես եկավ առկա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսի քննաշրջանի արդյունքների և ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների մասին հաղորդմամբ՝ ընդգծելով, որ այս ուսումնական տարում գերազանց արդյունքներով ուսանողների տեսակարար կշիռը բարձր է եղել: Միաժամանակ պրոռեկտորը հայտնեց, որ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները ձևավորվել են, քննագրաֆիկները բաժանվել են, և այսօրվանից գործընթացը սկսվել է:
Համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման նախապատրաստական աշխատանքների ընթացքի և խնդիրների մասին ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի հաղորդումը ներկայացրեց բաժնի գլխավոր մասնագետ Աննա Փախլյանը` մասնավորապես ներկայացնելով բուհի կողմից հավատարմագրում անցնելու ուղղությամբ կատարված քայլերը: Նրա խոսքով՝ որակի ապահովման գործընթացների կանոնակարգման համար բուհում ստեղծված խմբերը իրականացրել են ինքնավերլուծության առաջին փուլի խնդիրները՝ տեղեկատվության, տվյալների հավաքագրում, կարիքների վերհանում և հիմնախնդիրների նախանշում, իսկ երկրորդ փուլը վերլուծությունն է:
Բակալավրիատում և մագիստրատուրայում փորձառությունների կազմակերպման վիճակին, ֆակուլտետների դեկանատների ու ամբիոնների խնդիրներին անդրադարձավ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի բաժնի պետ Կարեն Բաբաջանյանը՝ տեղեկացնելով, որ ընթացիկ ուսումնական տարում ուսումնական, արտադրական, գիտահետազոտական և գիտամանկավարժական փորձառություններ են կազմակերպվել շուրջ 2300 ուսանողի համար, որոնցից մոտ 1700-ի փորձառությունը կազմակերպվել է իրենց կենտրոնի, իսկ մնացածը՝ թողարկող ամբիոնների կողմից: Կարեն Բաբաջանյանն անդրադարձավ փորձառությունների կազմակերպման գործընթացում առկա խնդիրներին՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել այն բարելավվելու համար:
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը հանդես եկավ մասնաճյուղում ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման մասին հաղորդմամբ: Բոլոր հաղորդումները գիտխորհրդի անդամների քվեարկությամբ ընդունվեց ի գիտություն:
Գիտխորհրդի նիստում հաստատվեցին նաև թեկնածուական ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ, հրատարակության երաշխավորվեց «Վարկի մենեջմենթ» ուսումնամեթոդական ձեռնարկը և ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածուն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին