Հովիկ Աբրահամյանն այցելեց «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերներն ու խոչընդոտները» գիտաժողովի մասնակիցներին

Դիտումների քանակ՝ 947

Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում երեկվանից մեկնարկած «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերներն ու խոչընդոտները» խորագրով «EconewMIND» ուսանողական գիտաժողովի երկրորդ օրը` ապրիլի 27-ը, գիտաժողովի մասնակիցների համար հիշարժան դարձավ. նրանց այցելեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: 
«Ուրախ եմ ողջունելու «Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման մարտահրավերները և խոչընդոտները» խորագրով գիտաժողովի կապակցությամբ: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր համալսարանի կողմից բարի ավանդույթ է դարձել ամենամյա ուսանողական գիտաժողովների կազմակերպումը»,- իր խոսքն այսպես սկսեց ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ նման գիտաժողովների անցկացումը կարևոր է հատկապես միջազգային տնտեսությունում ներկայումս կատարվող գործընթացների համատեքստում, երբ դեռ լիովին չեն վերացվել տնտեսական ճգնաժամի հետևանքները: Հովիկ Աբրահամյանի խոսքով` մենք պետք է այնպիսի տնտեսություն ունենանք, որն անմիջականորեն դրական ազդեցություն կունենա քաղաքացիների կենսամակարդակի վրա:
Բուհի խորհրդի նախագահը կարևորեց նման միջոցառումների արդյունավետ ելքը` առաջարկելով գիտաժողովի արդյունքում ի հայտ եկած առաջարկներն ու եզրահանգումները ներկայացնել գրավոր տեսքով, ինչը, նրա խոսքով, կարող է օգնել նաև կառավարությանը: Մատնանշելով Ազգային ժողովը` որպես բազմակարծության ամբիոն արդյունավետ օգտագործելու հնարավորությունը` Հովիկ Աբրահամյանն առաջարկեց գիտաժողովի լավագույն զեկուցումներն առաջիկայում ներկայացնել խորհրդարանում` հրավիրելով տնտեսության ոլորտների պատասխանատուներին: «Մենք պետք է ունենանք գիտելիքահենք տնտեսություն, և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պետք է ամեն ինչ անի տնտեսության համար որակյալ կադրեր պատրաստելու համար»,- նշեց խորհրդարանի ղեկավարը` հավելելով, որ ինքը հպարտ է, որ իր հարազատ բուհը կազմակերպում է նման մակարդակի գիտաժողովներ:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը` նշելով. «Կարծում եմ, որ աշխատանքային այս օրերը կլինեն արդյունավետ ձեզ համար, և դուք կկարողանաք օգտակարը համատեղել հաճելիի հետ՝ մի կողմից զարգացնելու հետազոտություններ կատարելու ձեր ունակությունները, մյուս կողմից էլ՝սերտացնելու ձեր շփումները: Բազմաթիվ անգամներ հնչեցրել ենք, այսօր էլ հավաստում ենք, որ մեզ համար խիստ կարևոր է մեր ուսանողների մեջ գիտական հետազոտություններ կատարելու հմտությունները զարգացնելը, ուստի, ցանկանում եմ հավատալ, որ այս առիթը ևս կծառայի այդ նպատակին»:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին` համալսարանի զարգացմանը միտված բոլոր նախաձեռնություններին աջակցելու, բուհի հոգսերով հետևողականորեն հետաքրքրվելու և սրտացավորեն արձագանքելու համար: Բուհի ղեկավարը հիշեց, թե ինչպիսի նախագծեր են ներկայացվել իր կողմից համալսարանի ղեկավարումը ստանձնելիս, որոնք ուղղված են եղել համալսարանի կրթական, ուսումնական, հետազոտական, միջազգայնացման, տնտեսական բարելավման և զարգացման բոլոր ուղղություններին: «Բավական աշխատանք արվել է, բայց դա մի մասնիկն է այն ամենի, ինչը դեռ արվելու է: Մենք պարտավոր ենք իրականացնել մեր նախանշած բոլոր ծրագրերը»,- հավաստիացրեց Կորյուն Աթոյանը: 
Ռեկտորը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց բուհի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին` համալսարանի զարգացմանը միտված ծրագրերի իրականացման գործում աջակցելու համար` նշելով. «Ես համոզված եմ, որ Դուք անում եք հնարավորը բուհի զարգացմանը նպաստելու համար»:
Գիտաժողովի կազմակերպման համար Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:
Ողջույնի խոսքերից հետո ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ռեկտոր Կորյուն Աթոյանը մասնակիցների հետ միասին ունկնդրեցին ուսանողների զեկուցումները` դրանց ավարտին ուսանողներին հարցեր ուղղելով և ակտիվորեն քննարկումներին մասնակցելով: «Ողջունում եմ և շոյված եմ, որ մենք նման ուսանողներ ունենք»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը: 
Զեկուցումները լսելուց հետո ուսանողները հնարավորություն ունեցան նաև շփվելու բուհի խորհրդի նախագահի հետ, ով ուսանողներից մեկի հետ նաև թենիս խաղաց:
Բարձր տրամադրությամբ ուսանողնողները հրաժեշտ տվեցին ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին` շնորհակալություն հայտնելով այցի և ուսանողների կողքին լինելու համար: Խորհրդի նախագահի այցը ոգևորեց թե ուսանողներին, թե բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմին:
Վաղը ուսանողական եռօրյա գիտաժողովը կավարտի իր աշխատանքը` ամփոփելով արդյունքները, որի մասին կհայտնենք առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին