«ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերներն ու խոչընդոտները» խորագրով ուսանողական գիտաժողովն սկսեց իր աշխատանքները
Այսօր` ապրիլի 26-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում իր աշխատանքները սկսեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերներն ու խոչընդոտները» խորագրով «EconewMIND» ուսանողական գիտաժողովը, որին մասնակցում են գիտական ուսումնասիրություններ ներկայացրած` ՀՊՏՀ ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողները:
Ուսանողական գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՊՏՀ գիտության ու արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Պրոռեկտորը, կարևորելով նման միջոցառումների անցկացումը, նշել է, որ գիտահետազոտական աշխատանքների կատարումը և նման գիտաժողովներին մասնակցությունը նպաստում են ուսանողների կրթական աստիճանի բարձրացմանը, հնարավորություն ընձեռում ուսումնառության ընթացքում ձեռք բերելու հետազոտական աշխատանքի փորձ: Հաջողություն մաղթելով ուսանողական գիտաժողովին` նա հույս է հայտնել, որ գիտաժողովի ընթացքում կլսվեն մեր տնտեսության արդիական հիմնախնդիրներին առնչվող զեկուցումներ, կլինեն արժեքավոր առաջարկություններ ու եզրահանգումներ:
Ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, շնորհավորելով ուսանողներին գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ, տեղեկացրել է, որ ավարտից հետո լույս է տեսնելու գիտաժողովի նյութերի ժողովածու, որով ուսանողները կունենան տպագրված գիտահետազոտական ուսումնասիրություն: Ուսանողական խորհրդի նախագահ նշել է նաև, որ այս գիտաժողովը լավ հնարավորություն է ուսանողներին ներկայացնելու իրենց կատարած վերլուծությունները, հայտնելու սեփական տեսակետները և ինքնադրսևորվելու: Սևակ Խաչատրյանը մասնակիցներին հորդորել է գործուն մասնակցություն ունենալ գիտաժողովի աշխատանքներում:
Այնուհետև գիտաժողովն իր աշխատանքն է շարունակել տարբեր բաժանմունքներում: Վաղը՝ գիտաժողովի երկրորդ օրը, նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը գիտաժողովի մասնակիցների հետ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին