Հանդիպում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահների հետ
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր հյուրընկալվեցին ՀՊՏՀ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահները: Հյուրերին ողջունեց և ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահներ նշանակվելու կապակցությամբ շնորհավորեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
«Դուք կատարելու ենք շատ բարդ ու պատասխանատու աշխատանք: Վստահ եմ, ամեն ինչ կանեք, որպեսզի ավարտական քննական գործընթացն անցնի արդարության և անաչառության մթնոլորտում»,-դիմելով նախագահներին` ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը և հույս հայտնեց, որ ավարտական կուրսերի ուսանողները կարդարացնեն սպասումները, հաջողությամբ կհանձնեն ավարտական քննություններն ու կպաշտպանեն ավարտական ատենախոսություններ:
Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհդատ Հարությունյանն ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահներին ծանոթացրեց ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորման գործընթացի կանոնակարգին: Հանձնաժողովների նախագահներին բաժանվեցին առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև հեռակա ուսուցման բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման քննությունների ժամանակացույցերը:
Միհրդատ Հարությունյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում հայտնեց, որ առկա ուսուցման մագիստրատուրայի և բակալավրիատի ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորումը կմեկնարկի ապրիլի 29-ին և կավարտվի մայիսի 27-ին, իսկ հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը` հունիսի 3-ին և կավարտվի հունիսի 26-ին:
Հաջողություն ենք մաղթում ՀՊՏՀ ավարտական կուրսերի բոլոր ուսանողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին