«Փոքրիկ ազատ գրադարան»-ները համախմբում են ընթերցասերներին. անդրադարձ Ազգային գրադարանային շաբաթի համատեքստում

Դիտումների քանակ՝ 982

Ազգային գրադարանային շաբաթը, որն ավանդաբար կազմակերպում և անցկացնում է Հայաստանի ազգային գրադարանը, այս տարի ևս ապրիլի 15-22-ը իր այցելուներին է ներկայացնում հագեցած մի ծրագիր` հանդիսավոր բացում, մշակութային միջոցառումներ, ընթերցումներ, մատենագիտական տեսություն, ֆիլմերի ցուցադրություն: Այս և նմանօրինակ միջոցառումները ավելի են ամրապնդում մեր կապը գրքի ու ընթերցանության հետ, ազգային և համաշխարհային գրական ժառանգությունը հասանելի դարձնում ընթերցասերների ավելի մեծ լսարանի համար:

Սիրելի ընթերցասերներ, ստորև ներկայացվնում ենք մի նյութ, որն ուղղակիորեն աղերսվում է գրքի և ընթերցանության հետ և, գուցե, ցանկություն կառաջանա հետևելու այս գրավիչ օրինակին:
Ամերիկյան «Փոքրիկ ազատ գրադարան» ազգային շարժման ակտիվիստները գրքասերներին կոչ են անում իրենց տների բակերում տեղադրել գրքերով համալրված փոքրիկ գրապահարաններ, որտեղից մարդիկ կարող են վերցնել այն գիրքը, որն իրենց հետաքրքում է և միաժամանակ «գրադարանը» համալրել սեփական գրքերով: Նման փոխանակության արդյունքում ձևավորվում է երկխոսություն, բարեկամություն: Թռչնաբույն հիշեցնող փոքրիկ գրադարանը միավորում է ամենատարբեր մասնագիտությունների, բնավորությունների, տարիքի ու սեռի մարդկանց:
Մասնագիտությամբ շինարար, թոշակառու Բեգզը մի օր փայտե տախտակներից կառուցեց տիկնիկի տնակի մեծությամբ արկղ, մեջը հարմարեցրեց դարակներ, տեղավորեց այնտեղ իր սիրելի գրքերը և կախեց մի ցուցանակ` հետևյալ մակագրությամբ` «Վերցրեք իմ գրքերը կամ բերեք ձերը»: Կարճ ժամանակում նրա փոքրիկ անվճար գրադարանը դարձավ ավելին, քան պարզապես գիրք փոխանակելու մի վայր: Օտար և անծանոթ մարդկանց այն դարձրեց բարեկամներ, իսկ երբ մի օր մի փոքրիկ 9-ամյա տղա թակեց դուռը և ասաց, որ իրեն շատ է դուր գալիս փոքրիկ գրադարանը, Բեգզը հասկացավ, որ իրեն հաջողվել է արժեքավոր մի բան անել և դարձավ այն շարժման մասնակիցն ու նոր շունչ հաղորդողը, որն սկսվել էր 2009 թվականին:
2009-ին ամերիկյան Վիսկոնսին քաղաքի բնակիչ Թոդ Բոլը առաջին նման գրադարանը պատրաստեց իր մայրիկի հիշատակին, որը ուսուցչուհի էր: Գրադարանն էլ նման էր դպրոցի շենքի: Թոդ Բոլի ընկերը` Ռիկ Բրուկսը, սիրահարվեց այդ գաղափարին: Նա ևս մի քանի տնակ պատրաստեց, նորությունը տարածեց ամբողջ քաղաքով, կայք ստեղծեց և նախագիծն անվանեց «Փոքրիկ ազատ գրադարան»: Կայքում հրապարակվեցին նման գրադարանների կառուցման գծագրեր և ուղեցույցներ` հիմանական պայման մատնանշելով այդ կառույցների անջրանցիկությունը:
Փոքրիկ հանրային գրադարանների ճանաչումը մեծ թափ ստացավ: Այսօր նման գրադարանի գրանցումն արժե 25 դոլար. այդ գումարով գրադարանը տեղավորում են ընդհանուր քարտեզի վրա և տերերին ուղարկում «Փոքրիկ ազատ գրադարան»-ի պաշտոնական նշանը: Գրադարանի տերերը պետք է հետևեն, որ այն սարքին լինի և ջուր չթափանցի ներս:
Պարզվեց , որ բոլորն են ի վիճակի ստեղծել նման գրադարաններ: Արդյունքում «Փոքրիկ ազատ գրադարան» -ները սնկերի պես աճեցին ամենուր` դպրոցների բակերում , մարդաշատ հրապարակներում, տնամերձ տարածքներում:
3 տարվա ընթացքում այս գրադարանների աշխարհագրությունը ընդարձակվեց: Դրանք հայտնվեցին Հնդկաստանում, Մեքսիկայում, Պաղեստինում և այլուր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին