2 գիտաուսումնական լաբորատորիա ներկայացրեց գործունեության ուղղությունները. կայացան անդրանիկ սեմինարները

Դիտումների քանակ՝ 2104

ՀՊՏՀ 4 նորաստեղծ գիտաուսումնական լաբորատորիաները նոր ուսումնական տարվանից թևակոխել են գործունեության ակտիվ փուլ: Այսօր «Ֆինանսական ներգրավվածություն» և «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիաների անդրանիկ սեմինարներն էին, որի ընթացքում զեկուցումներ հնչեցին համապատասխան հետազոտական թեմաներով, ինչպես նաև ներկայացվեցին աշխատանքային հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները:

Մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, հրավիրված փորձագետներ՝ «Ֆինանսական ներգրավվածություն» գիտական լաբորատորիայի փորձագետ-խորհրդատու, ԿԲ «ֆինանսական կայունության մոնիտորինգի» բաժնի ղեկավար Կարինե Համբարյանը և ԿԲ «Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի» ֆինանսական կրթման մասնագետ Աննա Սադոյանը.  աշխատակիցներ և գիտահետազոտական աշխատանքով հետաքրքրված ուսանողներ:

Այս սեմինարները համարելով գիտաուսումնական լաբորատորիաների աշխատանքի  նոր սկիզբ՝ Գագիկ Վարդանյանը բուհի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համատեքստում կարևորեց դրանց արդյունավետ գործունեությունը, հույս հայտնեց, որ կապահովեն բարձր գիտական արդյունք: Պրոռեկտորը նշեց նաև, որ առաջիկայում կայանալու է ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովը, որում ակնկալվում է լաբորատորիաների ղեկավարների ակտիվ մասնակցությունը:

«Ֆինանսական ներգրավվածություն» լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Սերգեյ Սուքիասյանը, ողջունելով ներկաներին, բարձր գնահատեց համալսարանում գիտահետազոտական կյանքն աշխուժացնելու ՀՊՏՀ ղեկավարության ջանքերը, ապա արձանագրեց, որ լաբորատորիաների հետազոտական աշխատանքում խրախուսվում է ուսանողների ներգրավվածությունը:

Ղեկավարը բանախոսեց «Ֆինանսական գրագիտությունը որպես ֆինանսական ներգրավվածության և տնտեսական աճի ելակետ» թեմայով՝ ընդգծելով, որ  հասարակության ֆինանսական գրագիտության բարձրացմանը նպաստելն  իրենց  հիմնական նպատակներից է: Բանախոսության առանցքում «Ֆինանսական ներգրավվածություն» հասկացության պարզաբանումն էր, ֆինանսական գրագիտություն- ֆինանսական ներգրավվածություն կապը, հաշիվներ, խնայողություններ, վարկ և ապահովագրություն ոլորտների փոխառնչությունները, ֆինանսական գրագիտությանը նպաստելուն ուղղված Համաշխարհային բանկի, ՀՀ ԿԲ-ի և Կառավարության կողմից իրականացվող հիմնական ծրագրերը: Սերգեյ Սուքիասյանն ասաց, որ իրենք փորձում են ուսումնասիրել փոքր և միջին ձեռնարկատերերի շրջանում ֆինանսական ներգրավվածության և գրագիտության մակարդակը և նպաստել դրա աճին: Ըստ բանախոսի՝ ձեռնարկատերերը դուրս են մնացել ուշադրությունից և նրանց հետ աշխատելու կարիք կա:

Հաջորդ բանախոսն Աննա Սադոյանն էր՝ «Ֆինանսական կրթությունը» զեկուցմամբ: ԿԲ ներկայացուցիչը պարզաբանեց, թե ինչու է կարևոր ֆինանսական կրթությունը՝ ներկայացնելով իրենց կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունը: Արդյունքների համաձայն, ՀՀ-ում սպառողների ավելի քան 50 %-ը այս կամ այն ծառայությունից օգտվում է պատահական, այսինքն՝ նրանց ֆինանսական գրագիտության մակարդակը շատ ցածր է: Զեկուցողը կանգ առավ ԿԲ կողմից  իրականացվող միջոցառումներին, որոնք միտված են ֆինանսական գրագիտության բարձրացմանը, թիրախային հատվածներին և իրենց հիմնական նպատակներին, որոնցից են ֆինանսական կայունության և ֆինանսական ներգրավվածության  ապահովումը:

Սեմինարը եզրափակեց «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանը: Ըստ էության, նա շարունակեց Սերգեյ Սուքիասյանի զեկուցման թեման՝ երկարաժամկետ տնտեսական աճի տեսանկյունից քննարկելով ֆինանսական ներգրավվածության և տնտեսական աճի փոխկապվածությունը: Թեման ներկայացվեց Նիգերիայի օրինակով: Այնուհետև պրոֆեսորը խոսեց իր և Սերգեյ Սուքիասյանի ղեկավարած լաբորատորիաների թեմատիկ ընդհանրության և համագործակցության, ինչպես նաև ԿԲ-ի հետ գործակցության մասին: Աշոտ Մաթևոսյանը ելույթն ամփոփեց՝ ներկայացնելով  «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» լաբորատորիայի գործունեության հիմնական 2 թեմատիկ ուղղությունները՝ «Փող և տնտեսական աճ» և «Պարբերաշրջանային մակրոտնտեսական քաղաքականություն, ֆինանսական կարգավորում տնտեսական աճ»:

Սեմինարն ուղեկցվեց հարցուպատասխանով, ունկնդիրները հանդես եկան դիտարկումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին