ՀՊՏՀ-ականները Սիսիանում նշել են Համո Սահյանի ծննդյան օրը
20-րդ դարի հայ քնարերգության տաղանդավոր և սիրված ներկայացուցիչ Համո Սահյանի պոեզիայի ՀՊՏՀ-ական սիրահարների` մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանի, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ Գրիգոր Նազարյանի, նույն ամբիոնի դոցենտ Դավիթ Հախվերդյանի, ասիստենտ Էրիկ Համբարձումյանի, ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի նախաձեռնությամբ և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի աջակցությամբ կիրակի Սիսիանում կազմակերպվել է միջոցառում` Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին ընդառաջ. մեծ բանաստեղծի ծննդյանը օրը` ապրիլի 14-ին, նշվել է նրա 99-ամյակը: Միջոցառմանը հրավիրվել և մասնակցել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Թաթուլ Մկրտչյանը: Վերջինիս խոսքով` միջոցառմանը գործուն մասնակցություն է ունեցել համալսարանի ուսանողական խորհուրդը, մասնավորապես ուսանողական խորհրդի «Нар-Хоз» թատերական և գրական ստուդիան: Դեկանի տեղեկացմամբ` համալսարանի դասախոսական խումբը և ուսանողները Սյունիք են ուղևորվել ապրիլի 13-ին: Այդ օրը ուսանողները համալսարանի դասախոսների ուղեկցությամբ այցելել են Տաթևի եկեղեցական համալիր, հիացել ճարտարապետական այդ հրաշալի կոթողով: Այնուհետև ՀՊՏՀ-ականներն ուղևորվել են Գորիս, որտեղ նրանց դիմավորել և ողջունել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Ապրիլի 14-ի առավոտյան ուսանողները մարզպետի ուղեկցությամբ այցելել են նաև Ակսել Բակունցի տուն-թանգարան, ծանոթացել այն միջավայրի հետ, որի ծնունդն է եղել հայ մեծ գրողը:
Համո Սահյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումը տեղի է ունեցել նույն օրը` Սիսիանում` մեծ բանաստեղծի արձանի մոտ: Առաջինը ելույթ է ունեցել Համո Սահյանի մանկության ընկեր Վլադիմիր Մովսիսյանը: Բնութագրելով մեծ բանաստեղծին որպես ընկեր ու անհատականություն` բանախոսը նշել է, որ ինքը կյանքի դպրոց է անցել, սովորել է Համո Սահյանի դասարանում և մինչև այսօր այդ դասարանից չի փոխադրվել: Համո Սահյանի մասին խոսք են ասել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Կիմ Աղաբեկյանը: Մասնակիցները հուզմունքով են լսել մեծ բանաստեղծի քրոջը`Հասմիկ Գրիգորյանին, ով անսահման սիրով է պատմել իր եղբոր մասին:
Ներկաներին ողջույնի խոսք է ասել նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ բնութագրելով Սահյանի պոեզիան, մեծ բանաստեղծից մեջբերելով սիրված և տպավորիչ տողեր: «Համո Սահյանը պոեզիայի հսկա է, իսկական մտավորական, լուրջ մտածող: Նա մեծություն է, իսկ մեծությունները մեզանից տարբերվում են նրանով, որ ծնվելով ու աշխարհ գալով՝ նրանք այլևս չեն հեռանում: Նրանք ապրում են մեզ հետ, մեր կողքին, մեր մեջ և պահպանում են մեր մշակույթը»,- իր խոսքում մասնավորապես ասել է ՀՊՏՀ ռեկտորը՝ ավելացնելով, որ Սահյանը մեր պոեզիայի երկնակամարի ամենափայլուն և չխամրող աստղերից է: «Համո Սահյանը էլ ավելի հարստացրեց մեր բազմադարյա քերթության ճոխ անդաստանը, մի նոր փայլ ու հնչեղություն տվեց հնադարյա հայոց լեզվին»,- նշել է Կորյուն Աթոյանը` ավելացնելով, որ Համո Սահյանի պոեզիան իրեն ուղեկցել է դեռևս դպրոցական տարիքից:
Այնուհետև «Нар-Хоз» թատերական և գրական ստուդիայի սաները, համալսարանի մագիստրանտ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, ներկայացրել են գեղեցիկ բեմականացում` նվիրված հայ մեծ բանաստեղծի կյանքին ու գործունեությանը, նրա պոեզիային: Ուսանողների շուրթերից հնչած մարդու և բնության ներդաշնակությանը, կյանքին ու մահվանը, ստեղծագործ արարմանն ու մարդասիրությանը նվիրված սահյանական պոեզիան մի նոր շունչ ու հոգի է հաղորդել ներկաներին:
ՀՊՏՀ-ականները Սիսանից վերադարձել են սահյանական անմար պոեզիայով ոգեշնչված:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին