ՀՊՏՀ վոլեյբոլի տղաների հավաքականին շնորհվել է հաղթանակ

Դիտումների քանակ՝ 745

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում այսօր մեկնարկեց ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակում անցկացվող վոլեյբոլի տղաների առաջնությունը, որին մասնակցում է հանրապետության տարբեր բուհերի 11 թիմ: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ վոլեյբոլի տղաների հավաքականի մարզիչ Գագիկ Վարդանյանը:
Վերջինս նշեց նաև, որ մրցաշարը կընթանա երկու ենթախմբով. ՀՊՏՀ վոլեյբոլի տղաների հավաքականը ընդգրկվել է երկրորդ ենթախմբում և կմրցի Հայ ռուսական (սլավոնական), Երևանի պետական, Արցախի պետական համալսարանների և Մոսկվայի տնտեսավիճակագրական ինստիտուտի (МЭСИ) Երևանի մասնաճյուղի թիմերի հետ: Գագիկ Վարդանյանի տեղեկացմամբ` մեր մարզիկներն այսօր պետք է մրցասպարեզ դուրս գային Մոսկվայի տնտեսավիճակագրական ինստիտուտի (МЭСИ) Երևանի մասնաճյուղի թիմի հետ, սակայն վերջիններս չեն ներկայացել, և հաղթանակը շնորհվել է մեր տղաներին: Համաձայն ժամանակացույցի` ՀՊՏՀ վոլեյբոլի տղաների հավաքականի հաջորդ խաղը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 16.00-ին: Մեր հավաքականը կմրցի Հայ ռուսական (սլավոնական) համալսարանի թիմի հետ: Առաջնության եզրափակիչ խաղերը տեղի կունենան ապրիլի 20-ին:
Տեղեկացնենք նաև, որ վոլեյբոլի տղաների առաջնության բոլոր խաղերը տեղի կունենան ԵՊՀ մարզադահլիճում: Հաջողություն են մաղթում մեր մարզիկներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին