ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են «Վերիտաս»-ի ամփոփիչ համաժողովին
Հոկտեմբերի 12-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել ԵՄ Տեմպուսի «Վերիտաս» ծրագրի («Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» VERITAS) ամփոփիչ համաժողովը, որին ՀՊՏՀ-ից մասնակցել են մեր համալսարանում նշված ծրագրի համակարգող, մակրոէկոնոմիկայի ամբիոնի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը և որպես ասպիրանտների գիտական ղեկավարներ՝
ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ալվարդ Սարգսյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ծովինար Կարապետյանը և մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ռուզաննա Հաջոյանը:
Յուրաքանչյուր համալսարան ցուցադրել է իր պաստառը՝ ներկայացնելով ծրագրի շրջանակում արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումները, այդ թվում՝ ասպիրանտական կրթության ներդրման փորձը: Քննարկվել են նաև ատենախոսության ղեկավարման նոր սկզբունքները, ներկայացվել է ղեկավար-ասպիրանտ հաջող փորձի ուսումնասիրություն: Այս մասին տեղեկացնում է Կարեն Գրիգորյանը:
Ելույթ է ունեցել ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը, այնուհետև որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչն անդրադարձել է ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի որակի ապահովման չափանիշներին ու չափորոշիչներին, որոնց մշակմանը մասնակցել է նաև ՀՊՏՀ-ն:
Համաժողովի ավարտին «Վերիտաս»-ի կառավարման թիմը ծրագրի գործողության ընթացքում առավել մեծ ներդրում ունեցողներին, այդ թվում՝ Կարեն Գրիգորյանին հանձնել է շնորհակալագրեր:
«ՀՊՏՀ-ում չորսամյա «Վերիտաս»-ի շրջանակում մշակվել է զալցբուրգյան սկզբունքների վրա հիմնված ասպիրանտական նոր կրթական ծրագրի փաթեթը՝ իր բոլոր բաղադրիչներով, իրականացվել են դասախոսների, գիտական ղեկավարների և վարչական կազմի բազմաթիվ վերապատրաստումներ, կատարվել է կրթական ծրագրի ինքնավերլուծություն՝ ըստ որակի ապահովման չափանիշների, ապա՝ SWOT վերլուծություն և միջազգային փորձագետների խմբի կողմից իրականացվել է դրա արտաքին փորձաքննությունը:
«Վերիտաս»-ի անդամ են եվրոպական չորս գործընկեր համալսարաններ՝ Շվեդիայի Սթոքհոլմի տեխնոլոգիայի արքայական ինստիտուտը, Մեծ Բրիտանիայի Բաթ սպայի, Իսպանիայի Ժիրոնայի և Գերմանիայի Հեյդելբերգի համալսարանները: ՀՊՏՀ-ում ծրագրի իրականացմանը մեծապես աջակցել է ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը»,-վերլուծելով ծրագրի արդյունքները՝ մեզ հետ զրույցում ասաց ամբիոնի ղեկավար Կարեն Գրիգորյանը:
Ծրագրի գործողության ընթացքում (2013-2017թթ.) անդամ համալսարանների մասնակցությամբ հրատարակվել են չորս տեղեկատվական և ուսումնական ուղեցույց -գրքեր.
1. Ուսումնական նյութերի փաթեթ՝ «Զալցբուրգյան սկզբունքների իրականացումը ՀՀ-ում»,
2. «PhD կրթությունը եվրոպական համալսարաններում»,
3. «ՀՀ-ում հետբուհական կրթական ծրագրի մշակման և իրականացման ուղեցույց»
4. «Վերիտաս. ձեռքբերումներ»:
Գրքերը հասանելի են ՀՊՏՀ գրադարանում:
Լուսանկարները տրամադրել է Կարեն Գրիգորյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին