Կառավարման ֆակուլտետում երեկ ամփոփել են ՈՒԳԸ 35-րդ նստաշրջանի ֆակուլտետային նիստի արդյունքները

Դիտումների քանակ՝ 852

ՀՊՏՀ Ուսանողական գիտական ընկերության մարտի 29-ին մեկնարկած ՈՒԳԸ 35-րդ նստաշրջանի կառավարման ֆակուլտետի նիստը շարունակվել է երեկ` ապրիլի 3-ին: Նստաշրջանի ընթացքում լսվել է 20 զեկուցում, որը ներկայացրել են ֆակուլտետի առկա բակալավրիատի 1-4-րդ կուրսերի ուսանողները:
«Ուրախալի է, որ ներկայացված աշխատանքներն աչքի էին ընկնում ինքնուրույն մտածողությամբ, սեփական դիտարկումներով, առաջարկություններով ու եզրահանգումներով: Ուսանողներն ասելիքը համոզիչ և պատկերավոր դարձնելու համար օգտագործել էին նաև նյութին առնչվող տեսապատկերներ»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անի Անտոնյանը: Վերջինս նշեց նաև, որ նիստերն ընթացել են բանավեճի, հարց ու պատասխանի, բուռն քննարկումների մթնոլորտում:
Զեկուցող ուսանողների արծարծած հիմնահարցերն ու խնդիրները արդիական էին և արժանի ուշադրության:
Նստաշրջանի ավարտից հետո մրցատյանը քննարկել է բոլոր զեկուցումները և, ամփոփելով արդյունքները, որոշել երեք լավագույն աշխատանքները, ինչպես նաև հայտարարել այն ուսանողների անունները, ովքեր կերաշխավորվեն մասնակցելու համալսարանական ՈՒԳԸ 35-րդ նստաշրջանի աշխատանքներին: Անի Անտոնյանի տեղեկացմամբ` որոշվել է, որ ՈՒԳԸ համալսարանական փուլին կմասնակցեն ոչ միայն առաջին 5 հորիզոնականը զբաղեցրած, այլև 8 և ավելի միավորներ գրանցած ուսանողները: Մրցանակակիրների պարգևատրումը տեղի կունենա ֆակուլտետային խորհրդի նիստի ժամանակ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում և հաջողություններ է մաղթում բարձր միավորներ գրանցած և առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած ուսանողներին` զբոսաշրջության կառավարում մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Լիլիթ Եսայանին («Զբոսաշրջությունը երեկ, այսօր, վաղը»), նույն մասնագիտությունների 4-րդ կուրսի ուսանող Անի Գաբրիելյանին («Հայաստանի հյուրանոցային շուկայի վերլուծություն») և 3-րդ կուրսի ուսանող Արսեն Ջոմարդյանին («Զբոսաշրջության ոլորտի կշիռը ՀՀ տնտեսական համակարգում»):


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին