ՀՊՏՀ շախմատի աղջիկների հավաքականն արժանացել է արծաթե մեդալի
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանն ավարտվել է ապրիլի 2-ին մեկնարկած` ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակում անցկացվող շախմատի տղաների և աղջիկների առաջնությունը: Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ շախմատի հավաքականների մարզիչ Լյուդմիլա Հովհաննիսյանը, տղաների մրցաշարը, որին մասնակցել է ՀՀ տարբեր բուհերի 16 թիմ, անցկացվել է շվեյցարական մրցակարգով, աղջիկներինը (9 թիմ)`շրջանաձև: ՀՊՏՀ տղաների հավաքականը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Հաղթող են ճանաչվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շախմատիստները, 2-րդ տեղը գրավել են Հայ-ռուսական (սլավոնական), 3-րդը` Հայաստանի ազգային ագրարային համալսարանների հավաքականները:
Հուրախություն բոլորիս` ՀՊՏՀ շախմատիստ աղջիկները, ցուցադրելով դիտարժան և ուշագրավ խաղ, զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը և արժանացել արծաթե մեդալի: Աղջիկների մրցաշարում հաղթող է ճանաչվել Երևանի պետական համալսարանի թիմը, 3-րդ հորիզոնականը զբաղեցրել են Երևանի ճարտարապետաշինարարական
համալսարանի շախմատիստուհիները:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է արծաթե մեդալակիր մեր շախմատիստներին` Լուսինե Թորոսյանին, Աստղիկ Մեսելջյանին, Անի Թադևոսյանին, Անի Բաղոյանին և մաղթում նորանոր հաղթանակներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին