Մեր բուհում հյուրընկալվեցին բարձրաստիճան զինվորականներ

Դիտումների քանակ՝ 865

ՀՊՏՀ-ում այսօր տեղի ունեցավ հանդիպում բարձրաստիճան զինվորականների`
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Պողոս Աբրահամյանի, հանրապետական զինվորական կոմիսարիատի նախազորակոչի պատրաստման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արմեն Հայրապետյանի, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի ֆակուլտետի կապի ամբիոնի պետ, փոխգնդապետ Ստեփան Գասպարյանի, հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ավագ դասախոս, գնդապետ Արմեն Գևորգյանի, հակաօդային պաշտպանության զորքերի վարչության զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Աշոտ Ֆանյանի և ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության օտար լեզուների կենտրոնի պետ Նիկոլայ Ավագյանի հետ: Բարձրաստիճան սպաները տեղեկացրեցին, որ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ այս տարի ևս ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում կկազմակերպեն մեկամյա սպայական դասընթացներ` 2013թ. գարնանային զորակոչին ենթակա քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկների կազմի ներկայացուցիչների համար:
Բարձրաստիճան զինվորականները ՀՊՏՀ ուսանողներներին` վաղվա քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկներին, հանգամանորեն ներկայացրեցին կազմակերպվող սպայական դասընթացներին մասնակցության պայմանները: Նրանց խոսքով` մեկամյա դասընթացներն ավարտելուց հետո զինվորականներին կտրվի սպայական կոչում և, ըստ սահմանված կարգի, 3 տարի ժամկետով կգործուղվեն զորամասեր` որպես դասակի հրամանատարներ: Զինվորականներին կտրվի բարձր աշխատավարձ, կունենան իրենց գործում առաջխաղացման և զինվորականներին տրվող բոլոր արտոնություններից օգտվելու հնարավորություն:
Բարձրաստիճան զինվորականները պատասխանեցին նաև ուսանողներին հուզող հարցերին:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին