Գեղեցկության, լույսի, պայքարի ու սիրո բանաստեղծը. «Բաց դաս»` նվիրված Պարույր Սևակին

Դիտումների քանակ՝ 2172

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր կազմակերպված «Բաց դասը» գրական-երաժշտական էր: Այն նվիրված էր բոլոր ժամանակների և սերունդների հավերժական ուղեկից, հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակին:
«Պարույր Սևակը մեր շատ սիրելի բանաստեղծներից է, և նրա պոեզիային անդրադառնալու, նրա մասին խոսելու համար որևէ առիթ պետք չէ: Նրա ստեղծագործություններից ամեն վայրկյան ու ամեն պահ ինչ-որ բան ենք սովորում»-դիմելով «Բաց դասի» մասնակիցներին` ասաց աշխատանքի տնտեսագիտության առաջին կուրսի ուսանող Արման Հարությունյանը: Վերջինս, ինչպես նաև նրա համակուրսեցիներ Մարիամ Զաքարյանը, Տաթևիկ Սարգսյանը և Կատարինա Գալստյանը ներկայացրեցին հետաքրքրական դրվագներ Պարույր Սևակի կյանքից, ստեղծագործական հարուստ ու բեղմնավոր ուղուց: Ուսանողները նշեցին, որ բանաստեղծն աշխարհին ու մարդկանց է նվիրել գեղեցկության, լույսի, պայքարի ու սիրո բացառիկ նմուշներ` ոգեշնչելով յուրաքանչյուրին: Այս առանձնահատուկ «Բաց դաս»-ի ընթացքում ձայնագրությամբ հնչեց Պարույր Սևակի ասմունքը, ինչպես նաև բանաստեղծի անզուգական պոեզիայից պատառիկներ` հայ սիրված և ճանաչված ասմունքողների կատարմամբ:

«Սևակն այն բանաստեղծներից է, որին պետք է ընթերցել նորից ու նորից: Նրա ստեղծագործությունները մեզ շատ բան են սովորեցնում, հույս, հավատ ու լավատեսություն ներշնչում: Նա աշխարհին մաքրություն ու անսահման սեր բերող բանաստեղծ է»,- միջոցառման ավարտին ասաց կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Մերի Բադալյանը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին: Դեկանի տեղակալը, հույս հայտնելով, որ ուսանողները Պարույր Սևակի պոեզիային դեռ շատ կանդրադառնան, իր օգնությունն ու աջակցությունն առաջարկեց մեծ բանաստեղծին նվիրված տարբեր ձևաչափի միջոցառումների կազմակերպման գործում:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին