Ֆուտբոլային տոն, երկրպագուների սեր, ամուսնության առաջարկ ուսանողուհուց. ՀՊՏՀ-ն հյուրընկալեց ճանաչված ֆուտբոլիստների
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր իսկական ֆուտբոլային տոն էր: Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ համալսարանում հյուրըկալվեցին Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, դարպասապահ Ռոման Բերեզովսկին, խաղացողներ Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը:
Սիրված ու ճանաչված մարզիկների հետ հանդիպելու ցանկությունն անսահման էր, և ՀՊՏՀ մեծ դահլիճըր լեփ-լեցուն էր հանդիսատեսներով: Հանդիպման էին եկել նաև հարևան բուհի` ԵՊՀ-ի, ինչպես նաև այլ բուհերի ֆուտբոլասեր ուսանողները: Հայաստանի Հանրապետության օրհներգով բացված հանդիպմանը հաջորդեցին դահլիճի հոտնկայս ծափահարությունները, որով հանդիսատեսը ողջունեց հյուրերին:
«Այսօր մեր բուհը պատիվ ունի հյուրընկալելու մեր ամենասիրելի ֆուտբոլիստներին. մարզիկներ, որոնք բարձր են պահում Հայաստանի մարզական պատիվը և մեզ, բոլորիս պարգևում հպարտության անկրկնելի զգացումներ»,-ներկայացնելով հյուրերին` ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Ռուբեն Հայրապետյանին իրենց նախաձեռնությանն աջակցելու և այս բազմազբաղ օրերին իրենց ժամանակ տրամադրելու համար: Ուսխորհրդի նախագահը նշեց, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ նախատեսում են կյանքի կոչել նաև այլ ծրագրեր ու նախագծեր:
Ճանաչված մարզիկները սիրով պատասխանելով ուսանողների հնչեցրած հարցերին` նշեցին, որ Հայաստանի ազգային հավաքականում խաղալը մեծ պատիվ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար, և ամեն մի գոլը բերկրանքի անասելի պահեր է պարգևում, դառնում անմոռանալի: Տարբեր ֆուտբոլային ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներն ասացին, որ կարոտում են Հայաստանը, հավաքականի իրենց թիմակիցներին, և Հայաստանի ազգային հավաքականի խաղերին սպասում մեծ անհամբերությամբ: Նրանց խոսքով` պատրաստ են Չեխիայի հավաքականի հետ հանդիպմանը և ամեն ինչ կանեն, որպեսզի հասնեն հաղթանակի: Ֆուտբոլիստները հպարտորեն նշեցին, որ իրենց համար ամենհիշարժան գոլը Հայաստանի ազգային հավաքականի հակառակորդի դարպասը խփածն է: Մարզիկներն անդրադարձան նաև իրենց ապագա ծրագերին: Մեր երեք ֆուտբոլիստներն էլ հաջողության գրավականը համարեցին սիրված ու լավ մարդ, հոգատար ծնող, ուշադիր ամուսին, երախտապարտ զավակ լինելը: Հանդիպման ընթացքում արձանագրվեց նաև ուշագրավ դեպք. կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Արմինե Յարալովան, որպես ֆուտբոլիստի հանդեպ նվիրվածության ու անմնացորդ սիրո դրսևորում, ամուսնության առաջարկություն արեց Հենրիխ Մխիթարյանին: Ի պատասխան ֆուտբոլիստը հարցրեց, թե հանուն իրենց ինչ է պատրաստ անել ուսանողուհին, որին Յարալովան արձագանքեց խոստմամբ՝ Հայաստան-Չեխիա հանդիպմանը գոլ խփել:
Հանդիպման վերջում ֆուտբոլիստների այցը ՀՊՏՀ ոգևորիչ համարեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, շնորհակալություն հայտնեց հյուրերին հրավերն ընդունելու համար և Ռոման Բերեզովսկուն հանձնեց հուշանվեր: Ռեկտորը հույս հայտնեց, որ այսպիսի հանդիպումները շարունակական կլինեն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին