ՀՊՏՀ բասկետբոլի աղջիկների հավաքականին շնորհվել է հաղթանակ

Դիտումների քանակ՝ 851

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում երեկ տեղի է ունեցել ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պետական և ոչ պետական 16 բուհերի և Արցախի պետական համալսարանի ուսանող մարզիկները: Միջոցառման մասնակիցներին ողջունել և հաջողություն է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար, Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ ուսանողական սպորտի հանրայնացման խնդիր կա, և երիտասարդ սերնդի մեջ պետք է արմատավորվի առողջ ապրելակերպը: «Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում սպորտը մշակույթի մի մասն է ոչ միայն այն պատճառով, որ այն պարտադրված է քննական թերթիկում` որպես առարկա, այլ որպես մարդու ամենօրյա կենսակերպի մաս: Առողջ մարդը կարող է իր առջև դրված ցանկացած հարց լուծել»,-նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը հաջողություն է մաղթել ուսանող մարզիկներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքը:
ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Կառլեն Սարգսյանը, դասախոսներ, բասկետբոլի տղաների և աղջիկների հավաքականների մարզիչներ Հակոբ Կյոկչյանը և Ստանիսլավ Ավանեսովը: Կառլեն Սարգսյանի տեղեկացմամբ` հանդիսավոր արարողության ավարտից հետո մեկնարկել է բասկետբոլի աղջիկների առաջնությունը: Մեր հավաքականի մրցակիցը`Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմը, խաղին չի ներկայացել, ուստի հաղթանակը շնորհվել է ՀՊՏՀ-ի աղջիկներին: Այսօր, ժամը 17.00-ին մեր համալսարանի բասկետբոլիստ աղջիկները կխաղան Հայ-ռուսական (սլավոնական), վաղը, ժամը 15.00-ին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների հավաքականների հետ:
Մեր մարզուհիներին մաղթում ենք հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին