Ճանաչենք և սովորենք հայոց մեծերից. հայտնի է դարձել «Տնտեսագետ» ամսագրի առաջարկած մրցույթի հաղթողը
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի թիվ 111 լսարանում այսօր տեղի ունեցավ համալսարանի պաշտոնական ամսագրի`«Տնտեսագետի» «Ճանաչենք և սովորենք հայոց մեծերից» խորագրի «Հայերենը`անզուգական» վերնագրի ներքո առաջարկված մրցույթի հաղթողին մրցանակների հանձման հանդիսավոր արարողությունը: Հաղթող ուսանողուհին`տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցի Ռոզա Շախբազյանը, մեկ անգամ ևս ընթերցեց հայ մեծ մտածողի` Լևոն Շանթի տողերը` հաճելի պահեր պարգևելով ներկաներին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի անունից Ռոզա Շախբազյանին շնորհավորեց բաժնի պետ, «Տնտեսագետ»-ի գլխավոր խմբագիր Գոհար Գևորգյանը և նրան հանձնեց շնորհավորական բացիկ, նոր ոճով ձևավորված, գունավոր տպագրությամբ լույս ընծայվող «Տնտեսագետի» 5 համարները, ՀՊՏՀ վերտառությամբ բուհի կրծքանշան, ՀՊՏՀ գրությամբ գրիչներ, թղթապանակ: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը նախ կարճ ներկայացրեց իր ղեկավարած բաժնի հիմնական գործառույթները, ապա նշեց, որ «Տնտեսագետը» համագործակցության առաջարկով բաց է բոլոր ՀՊՏՀ-ականների համար և ուսանողներին հորդորեց ավելի ակտիվ լինել, հանդես գալ հրապարակումներով, առաջարկություններով ու դիտարկումներով:
«Այս մրցույթի նպատակը գրքի հանդեպ սեր արթնացնելն է: Պետք է կարդաք ու գնահատեք գիրքը, այն պետք է ձեր ընկերը լինի ողջ կյանքի ընթացքում»,-շնորհավորելով ուսանողուհուն՝ ասաց Վալերի Միրզոյանը և նրան նվիրեց իր հեղինակած` «Առածանին` վարքականոն» գիրքը: Նա ուսանողուհուն հանձնեց նաև հայոց լեզվի ամբիոնի դասախոս Արծվիկ Սուվարյանի նվերը` շնորհակալություն հայտնելով վերջինիս այս նախաձեռնությանն արձագանքելու համար: Վալերի Միրզոյանը հույս հայտնեց, որ հայոց լեզվի ամբիոնը այսուհետ ևս կարտահայտի իր դիրքորոշումը «Հայերենը` վտանգված», «Ճանաչենք և սովորենք հայոց մեծերից» խորագրերի ներքո տպագրվող նյութերի հանդեպ, և «Տնտեսագետի» շուրջ համագործակցային համախմբումն ավելի կսերտանա:
Նշենք, որ հաղթող ուսանողուհին և նրա համակուրսեցիները այս հրապարակմանը ծանոթացել են Արծվիկ Սուվարյանի շնորհիվ, ով հայոց լեզու առարկայի դասի ընթացքում ուսանողներին հանձնարարել է «Տնտեսագետի» նոր համարից ընթերցել հայ մեծ գրողի այս անզուգական տողերը և որոշել հեղինակին:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ պաշտոնական ամսագրի`«Տնտեսագետի», հունվար-փետրվարյան համարում առաջարկվել էր որոշել, թե ով է «Ճանաչենք և սովորենք հայոց մեծերից» խորագրի «Հայերենը`անզուգական» վերնագրի ներքո տեղադրված տեքստի հեղինակը: «Տնտեսագետի» խմբագրակազմը և կառավարման ամբիոնի դոցենտ Վալերի Միրզոյանը առաջին արձագանքողին խոստացել էին հատուկ մրցանակներ: Այս առնչությամբ առաջինը լրատվության և հասարակայնւթյան կապերի բաժին էր այցելել տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ռոզա Շախբազյանը և ասել ճիշտ պատասխանը` Լևոն Շանթ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին