Ամբիոնային գիտական սեմինարների շարքում այսօր հանդես եկավ ֆինանսների ամբիոնը
ՀՊՏՀ ամբիոններն ակտիվորեն շարունակում են հանդես գալ գիտական զեկուցումներով: Այսօր տեղի ունեցավ ֆինանսների ամբիոնի սեմինարը՝ «ՀՀ արժեթղթերի շուկայի զարգացման վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության գնահատումը» և «Մաքսային հսկողության իրականացման ձևերը և հիմնական սկզբունքները ՀՀ-ում» թեմաներով: Մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ:
Ողջույնի խոսքում ռեկտոր Կորյուն Աթոյանը կարևորեց գիտական սեմինարների անցկացման նախաձեռնությունը և դրանց ուսանողների մասնակցությունը, ապա նշեց, որ աշխարհի բարձր վարկանիշով համալսարանները նաև հետազոտական կենտրոններ են, և ՀՊՏՀ-ն այսօր ձգտում է ստեղծել նման հեղինակություն: Ռեկտորը ընդգծեց՝ դասախոսը պետք է նաև հետազոտող լինի և սեմինարներն ուղղված են ամբիոնների հետազոտական ներուժի բացահայտմանը:
Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն ասաց, որ նախորդ սեմինարներում հնչել են բավական հետաքրքիր զեկուցումներ, ծավալվել են քննարկումներ, ինչը և ի սկզբանե ակնկալվում էր:
Դասախոսի, ասպիրանտի, մագիստրանտի՝ գիտահետազոտական աշխատանք կատարելու անհրաժեշտությունը ընդգծեց նաև ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը, ապա ներկայացրեց զեկուցողներին:
Առաջին բանախոսն ասպիրանտ Հայկազ Արամյանն էր, ով գնահատեց ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ազդեցությունը արժեթղթերի շուկայի զարգացման վրա՝ մասնավորապես անդրադառնալով ԿԲ ԴՎՔ կոնկրետ գործիքների ազդեցության չափին: Ասպիրանտը թեման ներկայացրեց գործոնային վերլուծության տեսքով:
Հաջորդ՝ «Մաքսային հսկողության իրականացման ձևերը և հիմնական սկզբունքները ՀՀ-ում» թեմայի բանախոսներն էին տ.գ.թ., դոցենտներ Միքայել Գյուլասարյանը և Անահիտ Ժամկոչյանը: Նրանց զեկուցումը խարսխված էր ԵԱՏՄ շրջանակներում մաքսային հսկողության իրականացման, դրա սկզբունքների, կիրառման առանձնահատկությունների վրա:
Զեկուցողները պատասխանեցին ունկնդիրների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին