Հաճելի անակնկալ ՀՊՏՀ կանանց և ուսանողուհիներին՝ Մարտի 8-ի առիթով (լուսանկարներ)
Մեր համալսարանի բակում այսօր տոնական ու հանդիսավոր մթնոլորտ էր: Բազմաբույր ու բազմագույն վարդերի առատությունը, երիտասարդների ժպիտները, Շառլ Ազնավուրի հոգեթով երգը յուրօրինակ ու ջերմ տրամադրություն էին ստեղծել և առավոտյան սառը օդը լցրել տաք շնչով ու գարնան բույրով:
«ՀՊՏՀ ռեկտորատը և ուսանողական խորհուրդը շնորհավորում են Ձեր գարնանային տոնը»,-ուսանող տղաները, կանանց տոներին ընդառաջ, այսպիսի խոսքերով դիմավորեցին և շնորհավորեցին վաղ առավոտ աշխատանքի և դասի շտապող ՀՊՏՀ աշխատակցուհիներին և ուսանողուհիներին` նրանց նվիրելով գարնանային թարմ վարդեր` ՀՊՏՀ-ն խորհրդանշող գեղեցիկ բացիկով:
Այս գեղեցիկ և հաճելի անակնկալը համալսարանի բոլոր կանանց ու աղջիկներին պարգևեց բարձր տրամադրություն և ժպիտներ:
«Այսօրվա սառը առավոտն ասես ջերմացավ ու առանձնահատուկ իմաստ ստացավ, երբ առավոտ վաղ բուհի մուտքերի մոտ մեր ուսանողները դիմավորեցին մեզ այսպիսի հմայիչ ժպիտներով, սրտառուչ խոսքերով ու բարեմաղթանքներով: Այս անակնկալը, իսկապես, հաճելի ու անմոռաց զգացումներ պարգևեց բոլորիս», -շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանը և ուսանողական խորհրդին նման գեղեցիկ նախաձեռնության համար` լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասիստենտ Գայանե Տերտերյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին