«Ֆորմա՞լ, թե՞ ոչ ֆորմալ կրթություն». ուսանողները բանավիճում են անգլերենով
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կառավարման ֆակուլտետի ուսանողները մասնակցեցին մի ուշագրավ բանավեճի: Օտար լեզուներով անցկացվող բանավեճի ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվեց անգլերենով անդրանիկ բանավեճը` «Ֆորմա՞լ, թե՞ ոչ ֆորմալ կրթություն» թեմայով, որին ներկա էր նաև օտար լեզուների ամբիոնի վարիչ Սուսաննա Չալաբյանը:
Բանավիճողները բաժանվեցին երկու թիմերի: Մի մասը հավաստի փաստարկներով փորձեց ապացուցել, որ ֆորմալ` ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող կրթութունն ավելի արդյունավետ է, քան ոչ ֆորմալը, այսինքն՝ ինքնակրթման, համացանցի միջոցով առաջարկվող տարբեր կրթական ծրագրերին մասնակցության միջոցով ստացվող կրթությունը: Մյուս թիմի անդամները, հակափաստարկներով փորձում էին ապացուցել, որ կարելի է որակյալ կրթություն ստանալ ինքնակրթվելով, ինչպես նաև համացանցի միջոցով:
«Այս բանավեճը մեկ անգամ ևս ապացուցեց, որ դուք գիտակցում եք, թե որքան մեծ է կրթության դերը ձեր կյանքում: Անչափ ուրախալի է, որ նման քննարկումներ կազմակերպում եք անգլերենով, փորձում զարգացնել ձեր բանավոր խոսքը»,- շնորհակալություն հայտնելով ուսանողներին այս նախաձեռնության համար` ասաց Սուսաննա Չալաբյանը և գոհունակությամբ նշեց, որ ուսանողները բանավեճի ընթացքում անգլերենից ցուցաբերեցին բարձր գիտելիքներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին