Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. ոգեկոչի միջոցառում` կառավարման ֆակուլտետում

Դիտումների քանակ՝ 1068

Այսօր ազգային, պետական ու քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այս առիթով կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ուսանողներն իրենց ու իրենց ընկերներին նվիրեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը ոգեկոչելու մեկ դասաժամ: Բաց դասի ձևաչափով այս միջոցառման ընթացում կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհիներ Անի Կարապետյանը, Մերի Հայրապետյանը, Լիաննա Սարդարյանը ներկայացրեցին ազգային հերոսի կենսագրությունն ու անցած ճանապարհը, որն սկսվել է ուսուցչական, գրական, հրապարակախոսական գործունեությամբ, շրջադարձ ստացել ազգային ազատագրական պայքարում, այնուհետև...` ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ վարչապետ:

Ուսանողները ներկայացրեցին նաև փաստագրական տեսաժապավեն, որում բոլոր ներկաների առջև հառնեց հայրենասեր հայորդին, հայ ժողովրդի նվիրյալ զավակը, որը հավատում էր իր ժողովրդի ուժին ու հարատևմանը:
Միջոցառման ավարտին կառավարման ֆակուլտետի փոխդեկան Մերի Բադալյանը շնորհակալություն հայտնեց կառավարման ֆակուլտետի ուսանողներին` Վազգեն Սարգսյանի հիշատակը վառ պահելու և գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին