Մեկնարկեցին ՀՊՏՀ միջֆակուլտետային բասկետբոլի մրցումները

Դիտումների քանակ՝ 953

Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեցին ՀՊՏՀ միջֆակուլտետային բասկետբոլի մրցումները: Տղաների թիմերը կմրցեն այսօր և վաղը, աղջիկները` մարտի 4-7-ը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Պարույր Քալանթարյանը, Միհրդատ Հարությունյանը, Միխաիլ Կարապետյանը, դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Համալսարանի վեց ֆակուլտետների բասկետբոլի թիմերը շքերթ կատարեցին մարզասրահում, որից հետո ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանը համալսարանի ռեկտորին զեկուցեց, որ թիմերը պատրաստ են մրցման:

Մարզիկներին, մարզիչներին և երկրպագուներին ողջունեց և մարզական հաջողություններ մաղթեց ռեկտոր Կորյուն Աթոյանը: Նա հավաստիացրեց, որ բուհի ղեկավարությունը ըստ ամենայնի կաջակցի, որպեսզի համալսարանում բարձր հիմքերի վրա դրվի ֆիզիկական դաստիարակությունը և զարգացում ունենան բոլոր մարզաձևերը: «Մենք շատ ենք կարևորում ֆիզդաստիարակության և սպորտի դերը մեր բուհում և ես ցանկանում եմ վստահեցնել, որ մենք աջակցելու ենք մեր բուհում բոլոր մարզաձևերի զարգացմանը»,- ասաց բուհի ղեկավարը:

Սիմոն Հակոբյանը աջակցության համար շնորհակալություն հայտնեց համալսարանի ռեկտորին, արհկոմիտեին, ուսանողական խորհրդին, բոլոր դեկաններին, ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոսներին, այնուհետև մրցող թիմերին մաղթեց գեղեցիկ խաղ, ազնիվ մրցակցություն և ուժեղագույնի հաղթանակ:
ՀՀ պետական դրոշի բարձրացումից հետո ազդարարվեց մրցումների սկիզբը: Առաջինը մրցասպարեզ դուրս եկան ինֆորմատիկայի և վիճակագրության, տնտեսության կարգավորման և ՄՏՀ թիմերը: Այսօր կմրցեն նաև հաշվապահական հաշվառում և աուդիտ/ կառավարում, այնուհետև ֆինանսական/ մարքեթինգ և բիզնեսի կազմակերպում ֆակուլտետների թիմերը:
Վաղը` փետրվարի 27-ին մրցումները կշարունակվեն:

Ի դեպ` մեր լուրերում նախապես նշել էինք, որ մրցումներն սկսվելու են փետրվարի 25-ին: Ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնից մեզ հայտնեցին, որ մրցումների անցկացումն այսօր պայմանավորված է որոշ կազմակերպական խնդիրներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին