ԵՄ-կրթական ոլորտ համագործակցության մեկնարկ
Այսօր տեղի է ունեցել Հայաստանում ԵՄ կենտրոնի պաշտոնական բացումը՝ դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանի կրթական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կրթական հաստատությունների ներկայացուցիների հետ միասին միջոցառմանը մասնակցել է ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:
Ինչպես տեղեկանում ենք ԵՄ կենտրոնի մամուլի հաղորդագրությունից, կենտրոնի բացմանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ողջույնի խոսքում նշել է, որ կրթությունը ապագայի տոմսն է: «Միայն վաղվա օրվան պատրաստվողները կարող են հաջողակ լինել: ԵՄ կենտրոնն աշխատելու է բուհերի ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների հետ՝ մեծացնելու նրանց իրազեկվածությունը Եվրոպական միության և Հայաստանում ԵՄ գործունեության մասին»,- ասաց դեսպան
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ կրթության և գիտության նախարարության հետ գործակցությամբ ԵՄ կենտրոնը կաջակցի ուսուցիչներին՝ մշակելու և ներդնելու ԵՄ-ին առնչվող դասընթացներ դպրոցներում և բուհերում: Կենտրոնը կաջակցի եվրոպական փոխանակման ծրագրերի շրջանավարտների ցանցի ստեղծմանը, որպեսզի երիտասարդները կարողանան ներկայացնել իրենց փորձն ու հաջողության պատմությունները ԵՄ-ում ուսանելու մասին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին