ՀՊՏՀ արտասահմանցի ուսանողներն այսօր ստացան կացության քարտեր

Դիտումների քանակ՝ 1579

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Քանաքեռ–Զեյթուն համայնքում գտնվող մասնաշենքում այսօր տեղի ունեցավ մեր բուհի արտասահմանցի ուսանողներին կացության քարտերի հանձնման հանդիսավոր արարողություն:

«Այսօրվանից դուք ժամանակավորապես դառնում եք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, և կարող եք օգտվել այն նույն իրավունքներից ու պարտականություններից,  ինչ-որ մենք, բացառությամբ` ընտրության իրավունքի»,-շնորհավորելով ուսանողներին այս առնչությամբ` ասաց արտասահմանցի ուսանողների ուսումնակազմակերպական աշխատանքները համակարգող Մհեր Աղալովյանը՝ նրանց հանձնելով կացության քարտերը: Ուսանողներին շնորհավորեցին և բարեմաղթանքի խոսքեր հղեցին նաև արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Մերի Մակունցը, դասավանդող դասախոսներ Արմինե Գրիգորյանը և Լուսինե Հարությունյանը: 

«Շնորհակալություն հյուրընկալ ընդունելության և մեզ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Երեք ամիս է, ինչ Հայաստանում ենք, և մշտապես զգում ենք բոլորի աջակցությունն ու օգնությունը: Շատ ենք սիրում այս համալսարանը և մեր դասախոսներին: Վերջիններիս դասավանդման  արդիական մեթոդների շնորհիվ այս կարճ ժամանակահատվածում շատ բան ենք սովորել, և արդեն փորձում ենք խոսել մեզ այնքան սիրելի դարձած լեզվով` հայերենով»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց մեր բուհի ուսանող Վարուն Ջոշիին` Հնդկաստանի Չանայ քաղաքից: Վերջինս նշեց նաև, որ ինքն ունի ֆիզիկայի բակալավրի աստիճան, սակայն  իրեն հոգեհարազատ է տնտեսագիտությունը և ցանկանում է շարունակել ուսումը ՀՊՏՀ մագիստրատուրայում` ֆինանսներ և հաշվապահություն մասնագիտությունների գծով:

Հիշեցնենք, որ մեր բուհը արտասահմանցի ուսանողների նախապատրաստական դասընթացներ է սկսել անցած տարվանից՝  ազդարարելով  բուհի պատմության մեջ առաջին անգամ իրականացվող  արտասահմանցի  քաղաքացիների ուսուցման ծրագրի մեկնարկը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին