Կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի այս տարվա առաջին նիստը
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ համալսարանի գիտական խորհրդի այս տարվա առաջին նիստը՝ հագեցած օրակարգով: Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը բացեց գիտխորհրդի նիստը «Համալսարանի 2012թ. գիտահետազոտական գործունեության ու հետբուհական կրթության արդյունքները և 2013թ. խնդիրները» զեկուցմամբ՝ շեշտադրելով անցած տարում գիտահետազոտական բնագավառում կատարված աշխատանքները, ձեռքբերումները, որոշակի բացթողումները, ինչպես նաև ներկայացնելով ներկա տարում կատարվելիք աշխատանքները: Ձեռքբերումների շարքում Գագիկ Վարդանյանն առանձնացրեց անցած տարի բուհի կողմից ներհամալսարանական գիտական դրամաշնորհի հայտարարման, ինչպես նաև բուհում գիտահետազոտական կենտրոն ստեղծելու իրողությունները՝ դրանք բնորոշելով բուհի ղեկավարության կողմից ոլորտում արված նորաստեղծական քայլեր: Պրոռեկտորի խոսքով՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական համակազմը գիտահետազոտական աշխատանքներ է իրականացրել 48 թեմաներով, որոնցից 46-ն ամբիոնային, 2-ը` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» պետական ծրագրի շրջանակներում: Գիտահետազոտական գործունեության հիմնական արդյունքներն արտացոլված են համալսարանի աշխատակիցների և ասպիրանտների 502 հրապարակումներում, որոնցից 22 ուսումնական ձեռնարկ, 6 մենագրություն, 7 դասախոսության տեքստ, 390 գիտական հոդված, 71 ուսումնամեթոդական աշխատանք, 3 դասագիրք, 3 գրքույկ: 2012թ. արտասահմանում հրապարակումների թիվը կազմել է 59-ը, որից 1-ը մենագրություն: Բյուջետային ֆինանսավորմամբ թեմաների շրջանակներում կատարված հետազոտությունների հիմնական արդյունքներն արտացոլված են 10 հրապարակումներում, այդ թվում` 1 մենագրություն (հանձնվել է հրատարակության):
Ի դեպ, գիտխորհրդի նիստի օրակարգային երկրորդ հարցը ևս զեկուցեց Գագիկ Վարդանյանը՝ ներկայացնելով ներհամալսարանական գիտական դրամաշնորհների տրամադրման մրցույթի արդյունքները, միաժամանակ տեղեկացնելով, որ մրցույթի արդյունքներով շնորհվել է 13 դրամաշնորհ 37 մլն դրամ ընդհանուր ծավալով:
Մրցութային հանձնաժողովի 2007-2012թթ հաշվետվությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը՝ մասնավորապես ընդգծելով, որ այդ ընթացքում հանձնաժողովը հրավիրել է 40 նիստ, որտեղ քննարկվել և համալսարանի գիտխորհրդին է ներկայացվել պրոֆեսորի գիտական կոչման 15, դոցենտի գիտական կոչման 67, ատենախոսությունների գիտական ղեկավար նշանակելու 12, ամբիոնի վարիչի թափուր պաշտոնատեղի հավակնորդի 35 և պրոֆեսորի թափուր պաշտոնատեղի հավակնորդի 12 գործեր: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց գիտական խորհրդի 2012-2013 ուստարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը հաստատելու մասին հարցը: Նիստում քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր, ներկայացված և քննարկված բոլոր հարցերը գիտխորհրդի անդամների քվեարկությամբ արժանացան հավանության:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին