Սեմինար դասընթաց` «Ընդհանուր զարգացման վարժություններ» խորագրով

Դիտումների քանակ՝ 1350

Այսօր ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնում շարունակվեցին երեկ մեկնարկած սեմինար դասընթացները: Նշենք, որ դրանք վարում են վերոնշյալ ամբիոնի դասախոսները` ըստ իրենց մասնագիտացման ոլորտի: «Ընդհանուր զարգացման վարժություններ» խորագրով սերմինարն անցկացրեց դասախոս Լյուդմիլա Հովհաննիսյանը:
Վերջինս, խոսելով ընդհանուր զարգացման վարժությունների մասին, ներկայացրեց դրանց մեթոդական առանձնահատկությունները և հատկանշեց կարևորությունը մարդու ներդաշնակ, համակողմանի զարգացման գործում: Լյուդմիլա Հովհաննիսյանը հանգամանորեն անդրադարձավ նաև մարմնամարզական վարժությունների ձևերին, դրանց կիրառման մեթոդների զարգացմանը տարբեր ժամանակաշրջաններում: Քննարկվող խնդիրների շուրջ ծավալվեց ակտիվ բանավեճ, բանախոսին ուղղվեցին բազմաթիվ հարցեր: Հնչած տեսակետներում կարևորվեց ֆիզդաստիարակության դասընթացներում դասավանդման նոր մոտեցումների ու նորարարական մեթոդների կիրառումը:
Սեմինար դասընթացի գործնական մասն անցկացվեց մարզադահլիճում`մեկնարկելով շարային պատրաստականությամբ: Այնուհետև Լյուդմիլա Հովհաննիսյանը ցուցադրեց ընդհանուր զարգացման և մարմնամարզական վարժություններ:
Վաղը «Հանդբոլի ծագումը և զարգացումը» խորագրով սեմինար դասընթացը կվարի ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Կառլեն Սարգսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին