Պետք է ակտիվացնել գիտահետազոտական աշխատանքները. Թաթուլ Մկրտչյանի սպասելիքները 2013թ–ից
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն արդեն տեղեկացրել է, որ սկսում է զրույցների շարք ՀՊՏՀ ֆակուլտետների դեկանների հետ՝ փորձելով պարզել, թե նրանք ինչով կցանկանային նշանավորված տեսնել 2013 թվականը բուհի, մասնավորապես իրենց ֆակուլտետների կյանքում և ինչ իրատեսական հիմքեր կան դրանք կյանքի կոչելու համար: Այսօրվա մեր զրուցակիցը ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանն է:
«Շատ կցանկանայի, որ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ակտիվորեն ներգրավվեր գիտահետազոտական աշխատանքներում, մասնակցեր տարբեր միջազգային դրամաշնորհային ծրագրերի»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց դեկանը` նշելով, որ մասնակցությունն այդպիսի ծրագրերի հնարավորություն կընձեռի ոչ միայն հրատարակելու գիտական ուսումնասիրություններ, լրացուցիչ ֆինանսական միջոցներ ունենալու, այլև կձևավորի անձնական կապեր արտերկրի գիտական աշխարհի ներկայացուցիչների հետ: Կրթության որակը բարձրացնելու, ժամանակի հետ համընթաց քայլելու ուղղությամբ կատարվող աշխատանքներում Թաթուլ Մկրտչյանը կարևորեց ոչ միան բուհի, այլև ֆակուլտետի` արտերկրի բուհերի հետ համագործակցության կապերի հաստատումը: «Լավ կլինի, որ գալիք տարում կարողանանք համագործակցության կապեր ստեղծել ոչ միայն մեր հանրապետության, այլև արտերկրի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների հետ, կատարենք պրոֆեսորադասախոսական կազմի անդամների, ուսանողների փոխանակում, իրականացնենք համատեղ գիտահետազոտական ծրագրեր»,- ասաց ֆակուլտետի ղեկավարը:
Վերջինս նշեց, որ իր ամենամեծ ցանկություններից մեկն էլ կապված է ուսանողների հետ: «Կուզենայի, որ փոխվեր մեր ուսանողների մի մասի հոգեբանությունը, և նրանք գիտակցեին` չպետք է անիմաստ վատնեն գիտելիքի ձեռքբերման համար իրենց տրված այս ժամանակը»,- նշեց դեկանը: Թաթուլ Մկրտչյանը նաև հորդորեց ուսանողներին ավելի մեծացնել իրենց ներգրավվածությունն ու մասնակցությունը մշակութային, մարզական միջոցառումներին: «ՀՊՏՀ ղեկավարությունը շարունակելու է ստեղծել կրթվելու, սովորելու համար համապատասխան կրթական միջավայր: Մնում է միայն, որ բոլորը կարողանան օգտվել այդ հնարավորությունից»,- բարձր գնահատելով համալսարանում կատարվող բարեփոխումները` նշեց ֆակուլտետի ղեկավարը: «Հուսով եմ` կկարողանանք այսքանն իրականացնել և մյուս տարվա ավարտին ուրախությամբ արձանագրել, որ 2013-ը մեզ համար դարձավ նվաճումների ու հաղթանակների տարի»,-իր խոսքի ավարտին ասաց Թաթուլ Մկրտչյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին