ՀՊՏՀ դեկաններն ամփոփում են 2012 թվականին կատարված աշխատանքները

Դիտումների քանակ՝ 855

Շուտով անցյալի գիրկը կանցնի 2012 թվականը: Տարեվերջը կատարված աշխատանքների, ձեռքբերումների ու հաջողությունների, ինչպես նաև բացթողումների ամփոփման շրջան  է։

 Այս օրերին տարվա ընթացքում կատարած աշխատանքներն են ամփոփում  նաև ՀՊՏՀ ֆակուլտետերի դեկանները: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը որոշեց զրուցել դեկանների հետ՝ պարզելու անցնող տարվա մասին նրանց գնահատականները։ «Անցնող տարում ֆակուլտետներում շարունակվել է բուհի ղեկավարության նախաձեռնությամբ սկիզբ առած բարեփոխումների գործընթացը, իսկ կատարված փոփոխությունները նպաստել են բուհի հեղինակության բարձրացմանը, ՀՊՏՀ բրենդի կայացմանը»,– անցնող տարին ամփոփելիս հիմնական ասելիքում դեկանները հետևյալը մատնանշեցին:

Ֆակուլտետներում ուսումնառությունը ընթացել է բնականոն հունով` համաձայն ՀՊՏՀ ռեկտորատի և գիտխորհրդի ընդունած որոշումների: ՀՊՏՀ դեկանների ուշադրության կենտրոնում են եղել  աշխատանքային կարգապահությունը, դասահաճախումները: Բարեկարգման ու բարենորոգման աշխատանքներ են կատարվել բոլոր ֆակուլտետներում` ուսումնառության և աշխատանքի համար ստեղծելով հարմարավետ պայմաններ:

 Ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը մեզ հետ զրույցում կարևորեց գործատուների հետ իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրերով մագիստրանտների ուսումնառության կազմակերպումը ֆակուլտետում: Այստեղ հաջողությամբ է իրականացվում «Հարկային վարչարարություն», «Մաքսային վարչարարություն», «Պետական եկամուտների վերլուծություն և կանխատեսում», «Կոլեկտիվ ներդրումային համակարգեր», «Բանկային գործունեության կազմակերպում» մասնագիտացումներով մագիստրանտների ուսուցումը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ այս տարի ֆակուլտետը կթողարկի հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի` «Հանրային ֆինանսներ», «Կորպորատիվ ֆինանսներ»,  «Բանկային գործ» մասնագիտացումների առաջին շրջանավարտներին:

«Օրեցօր մենք ականատես ենք լինում  այն ձեռքբերումներին, որոնք բարձրացնում են ՀՊՏՀ վարկանիշը և բուհը դարձնում ավելի մրցունակ»,- ֆակուլտետների առաջընթացի գործում կարևորելով ՀՊՏՀ-ում իրականացվող բարեփոխումները` ասաց հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը: Որպես ֆակուլտետի ամենամեծ ձեռքբերում՝ դեկանը նշեց ժամանակի հրամայականով առկա բակալավրիատում բացված` «Տնտեսական վերլուծություն» մասնագիտացման կայացումը: Աշոտ Մաթևոսյանը լուրջ ձեռքբերում համարեց նաև ֆակուլտետի ուսանողների գործուն մասնակցությունը ՈՒԳԸ աշխատանքներին: Ֆակուլտետի ղեկավարը կարևոր համարեց կազմակերպված հանդիպումները, «Բաց դասերը», «Կլոր սեղանները» KPMG և Grant Thornton ընկությունների հետ: Աշոտ Մաթևոսյանը տեղեկացրեց, որ այս տարի ֆակուլտետն առաջին անգամ կթողարկի հեռակա ուսուցմամբ` «Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում» մասնագիտացմամբ շրջանավարտներ: «Իսկ ամենակարևոր ձեռքբերումը ֆակուլտետի թե’ աշխատակազմի, թե’ ուսանողների միջև ստեղծված ջերմ, անկեղծ ու անմիջական  մարդկային հարաբերություններն են»,-մեր զրույցի ավարտին նշեց դեկանը:

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը ևս կարևորեց գործատուների հետ իրականացվող մագիստրոսական ծրագրի կայացումը`  նշելով, որ ֆակուլտետում է կատարվում   «Տնտեսական գործունեության  բնապահպանական փորձաքննություն», «Անշարժ գույքի գնահատում», «Պետական գույքի կառավարում» մասնագիտացումների մագիստրանտների ուսուցումը: Դեկանը նշանակալի համարեց նաև  առկա ուսուցմամբ մագիստրատուրայում նոր` «Մակրոտնտեսական վերլուծություն» մասնագիտացման կայացումը:

ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների դեկանները, շնորհավորելով ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և աշխատակիցների գալիք Նոր տարին,  մաղթեցին, որ եկող 2013 թվականը դառնա նորանոր ձեռբերումների ու  հաղթանակների տարի:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին