Մեկնարկել է ՀՊՏՀ-ի և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագիրը
Հոկտեմբերի 7-ին ՀՊՏՀ-ում տրվել է 2017թ. ապրիլի 12-ին ՀՊՏՀ-ի և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի միջև կնքված կրկնակի աստիճանաշնորհման մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը: Ինչպես տեղեկացրեց մեր համալսարանի գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ, վերոնշյալ ծրագրի համակարգող Խորեն Մխիթարյանը՝ առաջին դասընթացը եղել է «Մարքեթինգի կառավարում» առարկայից, վարել է շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի մարքեթինգի ամբիոնի պրոֆեսոր, դոկտոր Ալեքսանդրա Բրոյլետը:
«Արդեն ունենք 30 մագիստրանտ: Նշեմ, որ ուսանողները խանդավառված են, ծրագրից մեծ ակնկալիքներ ունեն: Ուսումնական պարապմունքներն անցկացվելու են ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին»,-ասաց ծրագրի համակարգողը:
Դասընթացներն իրականացվում են անգլերենով, կդասավանդեն ԱՄՆ-ից, Կանադայից, եվրոպական և այլ երկրներից ժամանած պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան ՈւՄԵՖ համալսարանի և ՀՊՏՀ-ի կրկնակի դիպլոմներ: Բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին ՈւՄԵՖ համալսարանը հնարավորություն կընձեռի սովորելու Ժնևի կամպուսում: Ուսման տևողությունը 2 տարի է:
Մագիստրոսական ծրագրի մասնակիցներին շնորհավորում ենք և մաղթում արդյունավետ ուսումնառություն:
Սույն մագիստրոսական կրթական ծրագրի մասին մանրամասներ կարող եք կարդալ «Տնտեսագետ» ամսագրի առաջիկա համարում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին