ՀՊՏՀ ուսանողները հանդիպեցին «Այ Էյ Բի Սենթր» ընկերության և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ

Դիտումների քանակ՝ 1500

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր ուսանողները հանդիպեցին «Այ Էյ Բի Սենթր» (IAB Centre) խորհրդատվական ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Անի Նահապետյանի, կարիերայի գծով խորհրդատու Հայարփի Գրիգորյանի, հասարակայնության հետ կապերի բաժնի ասիստենտ Սոսե Բադալյանի,  ACCA-ի անդամ Աննա Պետրոսյանի և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի մարդկային ռեսուսների կառավարման բաժնի պետ Անի Ասլանյանի հետ: Հյուրերը ուսանողներին ներկայացրեցին այն բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք ապագա տնտեսագետներին կդարձնեն մրցունակ։

«Այ Էյ Բի Սենթր»-ի  մարքեթինգի բաժնի ղեկավար Անի Նահապետյանի ներկայացմամբ` կենտրոնն ապահովում է բազմազան և բարձրորակ դասընթացներ: Նրա խոսքով՝ համագործակցելով միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների հետ`  այստեղ կազմակերպվում են քննարկումներով և նորարարական մոտեցումներով հարուստ ինտերակտիվ դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ստանալ միջազգային որակավորում ֆինանսների և հաշվապահության, բիզնեսի զարգացման, մենեջմենթի, մարքեթինգի և անգլերեն լեզվի ուսուցման ոլորտներում: Բանախոսի տեղեկացմամբ` կենտրոնը կազմակերպում է ACCA, CIMA, GARP միջազգային որակավորման դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցներին խորանալու կոնկրետ մասնագիտության մեջ և, ապրելով Հայաստանում, ստանալու միջազգային կրթություն: Այնուհետև ներկայացնելով որակավորման դասընթացներից յուրաքանչյուրը` հիշյալ բաժնի ղեկավարը նշեց, որ ACCA-ն պատրաստում է լայն պահանջարկ վայելող միջազգային որակավորման հաշվապահներ, CIMA-ն մասնագիտացնելով կառավարչական հաշվառման ոլորտում, միաժամանակ մեծ ուշադրություն է դարձնում կառավարման հիմնախնդիրներին, հատկապես` կադրերի կառավարմանը, GARP–ը նոր ծրագիր է և վերաբերում է ռիսկերի կառավարմանը: Անի Նահապետյանի հավաստիացմամբ` միջազգային որակավորման այս դասընթացների վկայական ունեցողները մրցունակ են ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային աշխատանքի շուկայում:

«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Անի Ասլանյանը, ներկայացնելով «Գրանթ Թորնթոն» ընկերությանը որպես գործատու, նշեց, որ այստեղ իրականացվում են աուդիտորական ծառայություններ, տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն խոշոր և միջին ձեռնարկություններին, պետական կազմակերպություններին, կենտրոնական և առևտրային բանկերին Հայաստանում, Վրաստանում և ԱՊՀ այլ երկրներում: Բանախոսի տեղեկացմամբ` հիմնվելով միջազգային կառույցի ամուր հիմքերի, բրենդի և համաշխարհային ցանցում առաջադրվող որակի բարձր չափորոշիչների վրա՝ ընկերությունը մատուցում է աուդիտի, հաշվապահական ծառայություններ, հարկային և իրավաբանական խորհրդատվություններ, որոնք բավարարում են հաճախորդների խստագույն պահանջները:

ACCA-ի անդամ Աննա Պետրոսյանը հատուկ ՀՊՏՀ  ուսանողների համար խորհրդատվություն անցկացրեց, որը նվիված էր  պարտադիր ֆինանսական աուդիտի և հարկային ստուգումների  բացահայտմանը, ֆինանսական հաշվետվությունների (ՖՀՄԱ)-ի կիրառման անհրաժեշտությանը և  աշխարհագրությանը, ինչպես նաև կազմակերպությունների հաշվապահական հաշվառման կազմակերպման և վարման կարգի վերաբերյալ հարցերին:

Հետաքրքիր և օգտակար տեղեկատվության համար  հյուրերին շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը` նկատելով, որ նման ներկայացումները շատ ուսանելի են երիտասարդների համար:

«Այ Էյ Բի Սենթր» խորհրդատվական ընկերության և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ ՀՊՏՀ-ի հետ կստեղծվեն համագործակցության ամուր կապեր:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին