ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում կայացավ հանրապետական տնտեսական գիտաժողով (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1408

Երեկ` դեկտեմբերի 2-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում անցկացվեց «Տարածքային տնտեսության համաչափ զարգացման  հիմնախնդիրները» թեմայով հանրապետական տնտեսական գիտաժողով` նվիրված մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակին։ Մասնակցում էին  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՊՏՀ Եղեգնաձորի և Գյումրու մասնաճյուղերի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, Արցախի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչները:

Գիտաժողովի հանդիսավոր մասն սկիզբ առավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում, որին ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Մարզպետարանում գիտաժողովի մասնակիցների առջև զեկուցումներով հանդես եկան  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Զեկուցումներին հաջորդեցին հարցուպատասխան, աշխույժ քննարկում:

Այնուհետև գիտաժողովի հյուրերն ու մասնակիցներն ուղևորվեցին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, որտեղ շրջայց կատարեցին` ծանոթանալով մասնաճյուղի 5-ամյա գործունեությանը, ձեռքբերումներին: Մինչև բուն գիտաժողովի սկիզբը, մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին և ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանին:

Ներկայացված 42 զեկուցումից գիտաժողովականները լսեցին 11 զեկուցում:

Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը։

Վերջինս նաև նշեց, որ մասնաճյուղի դասախոսական կազմի 90 տոկոսը մասնակցում էր գիտաժողովի աշխատանքներին և ներկայացրել էր գիտական զեկուցում:

Եղեգնաձորի մասնաճյուղում անցկացված գիտաժողովին մասնակցած ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն այսօր կայացած ռեկտորատի նիստում անդրադարձավ գիտաժողովին՝ նշելով, որ ծավալվել են բավական հետաքրքիր քննարկումներ։ «Ընդհանուր առմամբ, կարելի է դրական գնահատել»,– նշեց Գագիկ Վարդանյանը։

Լուսանկարները` Վայոց  ձորի  մարզպետարանի:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին