Հանդիպում ՀՊՏՀ սփյուռաքահայ ուսանողների հետ
ՀՀ սփյուռքի նախարարությունից այսօր ՀՊՏՀ-ում հյուրընկալվեց պատվիրակություն՝ նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանի գլխավորությամբ: ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ հանդիպում ՀՊՏՀ-ում սովորող սփյուռքահայ ուսանողների հետ, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը:
Նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակն էր սփյուռաքահայ ուսանողների խնդիրներին ծանոթանալը, ինչպես նաև սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ներկայացումը: Ուսանողները մատնանշեցին ընդամենը երկու խնդիր՝ լեզվական խոչընդոտը և աշխատանքին զուգահեռ սովորելու դժվարությունը: Սփյուռքի փոխնախարարը խոստացավ լեզվական խոչընդոտի հարցը դարձնել քննարկման առարկա, իսկ աշխատանքին զուգահեռ սովորելու դժվարությանն արձագանքեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ պատրաստ է այդպիսի ուսանողների համար առանձին խմբեր ձևավորել: Ռեկտորի այս առաջարկը և պատրաստակամությունն ուրախությամբ ընդունվեց ուսանողների կողմից, իսկ Վահագն Մելիքյանն էլ շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարին՝ ընդգծելով, որ այսպիսի մոտեցում քիչ է հանդիպում:
Հանդիպման արդյունքում որոշվեց նաև նախարարության հետ ուսանողների կապը սերտացնելու համար սփյուռաքահայ ուսանողների կոորդինատոր նշանակել: Ուսանողները խոստացան մտածել և առաջադրել:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին