ՈՒՀԱ թիմերի միջֆակուլտետային մրցույթում հաղթեցին կառավարման և ֆինանսական ֆակուլտետների թիմերը

Դիտումների քանակ՝ 1567

ՀՊՏՀ-ում այսօր շարունակվեցին «Ուսանողական աշուն 2012» փառատոնի շրջանակում անցկացվող` ՀՊՏՀ ՈՒՀԱ թիմերի միջֆակուլտետային մրցելույթները: Ծափերից թնդացող լեփ-լեցուն դահլիճը մեծ ոգևորությամբ, բարձր տրամադրությամբ ու անհամբերությամբ էր սպասում մրցակից ՈՒՀԱ թիմերին:   Այսօր ևս, մինչև թիմերը կսկսեին իրենց ելույթները, ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը պատվոգրեր, մրցանակներ և մեդալներ հանձնեց գեղանկարչության, ինտելեկտուալ խաղերի և ֆուտբոլի մրցելույթներում առաջին երեք տեղը զբաղեցրած թիմերին, ինչն ընդունվեց մեծ ոգևորությամբ։
 

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունից հետո մեր կյանքի տարբեր ոլորտներին առնչվող հումորային և երգիծական մանրապատումներ ներկայացրեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը, այնուհետև ելույթներ ունեցան ֆինանսական, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետները: Մրցատյանի որոշմամբ (ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյան, փոխնախագահ Սերգեյ Խառատյան, կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետ Կարեն Բաբաջանյան, ֆինանսական ֆակուլտետի փոխդեկան Վահե Միքայելյան, մարքեթինգի ամբիոնի դասախոս Նարեկ Ղուկասյան և կառավարման ֆակուլտետի փոխդեկան  Մերի Բադալյան)` երկու օրվա արդյունքում միավորները բաշխվեցին հետևյալ կերպ.   կառավարման` 5 միավոր, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման`4.1, ինֆորմատիկայի և վիճակագրության` 3.1, ֆինանսական ֆակուլտետ` 5, տնտեսության կարգավորման և ՄՏՀ` 4.5, հաշվապահական հաշվառում և աուդիտ` 3.6 միավոր:

Մրցատյանը հայտնվեց դժվարին կացության առաջ և երկար ժամանակ  չէր կողմնորոշվում, թե հավասար միավորներ հավաքած` կառավարման և ֆինանսական ֆակուլտետների ՈՒՀԱ թիմերից ում շնորհել հաղթանակը: Ի վերջո, կայացվեց արդարացի որոշում. փայլուն հանդես եկած այս երկու ֆակուլտետներն էլ  ճանաչվեցին հաղթող:  2-րդ տեղը զբաղեցրեց տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, 3-րդը` մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների  ՈՒՀԱ թիմերը:   

Շնորավորում ենք մեր սիրելի ուսանողներին, ինչպես նաև իր հոգատար տանիքի ներքո ուսանողներին համախմբած ՀՊՏՀ ուսանողական խորհրդին։
    

   

  ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին