Մեր բուհում այսօր հյուրընկալվեց Թբիլիսիի Իլիա պետական համալսարանի պրոֆեսոր Մարիկա Կապանաձեն

Դիտումների քանակ՝ 1253

Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի նախաձեռնությամբ ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր հյուրընկալվեց Թբիլիսիի Իլիա պետական համալսարանի պրոֆեսոր Մարիկա Կապանաձեն: Ներկայացնելով հյուրին` Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան նշեց, որ վրացուհի պրոֆեսորը հաջողությամբ համակարգել է նմանատիպ ծրագրեր, այս բնագավառում ունի հարուստ փորձ և պատրաստ է այն ներկայացնելու ՀՊՏՀ-ի` Տեմպուսի շրջանակներում շահած երեք ծրագրերից մեկի` «Հայկական համակարգման գործակալություն «Համալսարան-գործատու»» («Արարատ») ծրագիրը համակարգող թիմի անդամներին:

Մարիկա Կապանաձեն, ծանոթացնելով Թբիլիսիի Իլիա պետական համալսարանի հետ, նշեց, որ այն Վրաստանի ճանաչված բուհերից մեկն է: Այստեղ 2006 թվականից սկսած հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ միջազգային  նախագծեր, որոնցից 21-ը` Եվրամիության Տեմպուս ծրագրի շրջանակներում:  Բանախոսի դիտարկմամբ` նմանատիպ  ծրագրերի հաջող իրականացման ամենակարևոր գրավականներն են ճիշտ կառավարումը, նվիրումով, սիրով ու պատասխանատվությամբ աշխատող թիմը: Այնուհետև Մարիկա Կապանաձեն պատմեց այն հաջողությունների ու ձեռքբերումների մասին, որոնց հասել են Տեմպուս ծրագրի իրականացման ընթացքում:

Ավարտին` բանախոսը պատասխանեց ՀՊՏՀ-ի` Տեմպուսի շրջանակներում իրականացվող` «Հայկական համակարգման գործակալություն «Համալսարան-գործատու»» («Արարատ») ծրագիրը համակարգող թիմի անդամների հարցերին:

 Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Տեմպուսի 3 ծրագիր  է շահել: Դրանցից մեկի` «Հայկական համակարգման գործակալություն «Համալսարան-գործատու»» («Արարատ») ծրագրի դեպքում դարձել է համակարգող:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին