Կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը՝ մի շարք հարցերի քննարկմամբ և ընդունմամբ։ Մասնավորապես ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը ներկայացրեց 2012–2013 ուստարվա ընդունելության քննության արդյունքները՝ ընդգծելով, որ ընդունող հանձնաժողովը գործել է ՀՀ ԿԳՆ–ի կողմից հաստատված կանոնակարգի պահանջներին համաձայն։ Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը զեկուցեց ուսման վարձավճարների գանձման ընթացքի մասին, ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը՝ երկրորդ լուծարքի արդյունքների և ուսումնական ստորաբաժանումների խնդիրների մասին հարցը։ Որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը զեկուցեց բուհի ինստիտուտցիոնալ հավատարմագրման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի և ստորաբաժանումների խնդիրների մասին՝ նշելով, որ որակի ապահովման համակարգը հայեցակարգային առումով տարբերվում է հայտնի և նախկինում եղած հավատարմագրման և լիցենզավորման գործընթացներից։ Ներսես Գևորգյանը ներկայացրեց բուհի ինքնավերլուծության գործընթացն իրականացնելու համար կատարված նախապատրաստական աշխատանքները, շեշտադրեց, որ գործընթացը սկսվել է, և աշխատանքային խմբերն արդեն իսկ սկսել են աշխատել։ Նա նաև խոստացավ արդյունքների մասին զեկուցել։
Գիտխորհուրդը քննարկեց և միաձայն ընդունեց բուհի խորհրդի կազմում փոխատեղումներ կատարելու մասին հարցը. այսուհետ խորհրդում արհկոմի նախագահ Գրիգոր Տերտերյանին կփոխարինի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արկադի Հայրապետյանը, իսկ կորպորատիվ ֆինանսների ամբիոնի պրոֆեսոր Կառլեն Աբգարյանին՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը։ Պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց 2012–2013 ուստարվա առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման առարկայական ցանկը հաստատելու մասին հարցը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը զեկուցեց, որ առաջարկվում է կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոնը վերնավանել տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոն, ամփոփվեցին նաև նոյեմբերի 16–ին ՀՊՏՀ–ում մեկնարկած «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» խորագրով գիտական նստաշրջանի արդյունքները։ Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս։ Ներկայացված հարցերը միաձայն ընդունվեցին։ Նիստի ավարտին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորեց բիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչ Ալբերտ Հովհաննիսյանին։
Տեղեկացնենք, որ գիտական խորհրդի ընդունած որոշումներն ավելի ամբողջական և բովանդակային վաղվանից կտեղադրվեն ու կարտացոլվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքի համապատասխան բաժիններում։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին