ՀՊՏՀ 22-րդ գիտական նստաշրջանն այսօր իր աշխատանքները շարունակեց Աղվերանում (լուսանկարներ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում երեկ մեկնարկած «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» խորագրով 22-րդ գիտական նստաշրջանն այսօր շարունակեց իր աշխատանքները: Աշխատանքային օրն սկսվեց բուհում` երկրորդ լիագումար նիստի անցկացմամբ, որից հետո նստաշրջանն իր աշխատանքները շարունակեց Աղվերանում:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, դեկանների,ամբիոնների վարիչների և դասախոսների մասնակցությամբ Աղվերանում կլոր սեղան անցկացվեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով: Երկրի տնտեսությունում առկա խնդիրները, տնտեսությունն ավելի մրցունակ դարձնելու հարցի շուրջ բավական հետաքրքրական քննարկումներ ծավալվեցին:
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը նստաշրջանի մասնակիցներին կոչ արեց ոչ միայն մատնանշել առկա խնդիրները, այլև ներկայացնել լուծումների մեխանիզմներ:
«Անընդհատ վերլուծություններով պետք է հասնել լուծումների: Այն խնդիրները, որոնք նշվում են, հայտնի են, բոլորը գիտեն, բայց մենք պետք է տնտեսագիտորեն վերլուծենք այդ խնդիրներն ու մատնանշենք դրանց լուծման ուղղությունները»,- նշեց Կորյուն Աթոյանը: Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հորդորեց. «Բյուրեղացնենք այս քննարկվող թեմաները, դարձնենք հետազոտության առարկա»:
ՀՊՏՀ 22-րդ գիտական նստաշրջանն իր աշխատանքները վաղը ևս կշարունակի, իսկ նոյեմբերի 19-ին կամփոփի արդյունքները: Նստաշրջանին ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին