ՀՊՏՀ 22-րդ գիտական նստաշրջանն ավարտեց իր աշխատանքները (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 982

Այսօր Աղվերանում իր աշխատանքները շարունակեց «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» խորագիրը կրող ՀՊՏՀ 22-րդ գիտական նստաշրջանը: Եռօրյա նստաշրջանը, որն իր աշխատանքները սկսել էր նոյեմբերի 16-ին ՀՊՏՀ-ում, այսօր հյուրընկալել էր Կենտրոնական բանկի ներկայացուցչությանը` բանկի նախագահի առաջին տեղակալ Ներսես Երիցյանի գլխավորությամբ:

ՀՀ ԿԲ ներկայացուցիչները «ՀՀ ԿԲ դերը գների և ֆինանսական կայունության ապահովման գործում» թեմայով կլոր սեղանի շրջանակներում հանդես եկան բավական ուշագրավ զեկուցումներով` ներկայացնելով Կենտրոնական բանկի աշխատանքն ու գործառույթները գների կայունության, ինչպես նաև ԿԲ դերը ֆինանսական կայունության ապահովման գործում: Ծավալվեց նաև հետաքրքիր քննարկում, մասնավորապես ՀՊՏՀ ներկայացուցիչները ԿԲ հյուրերին ուղղեցին իրենց հուզող հարցերը մեր երկրի տնտեսությունում և ֆինանսական հատվածում առկա խնդիրների վերաբերյալ:
Քննարկումն ամփոփեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը` ԿԲ ներկայացուցիչների հետ հանդիպումը որակելով օգտակար, իսկ նրանց ներկայացրած զեկուցումները` խորը և համապարփակ: «Կարծում եմ, այսպիսի հանդիպումները պետք է դարձնել գործունեության նորմ և այսպիսի շփումներ ստեղծել նաև մեր մյուս գործընկերների հետ», - ընդգծեց Կորյուն Աթոյանը` միաժամանակ նշելով, որ օգտաշատ կլինեին ԿԲ մասնագետների առանձին դասախոսությունները մեր բուհում:
Այսպիսով ավարտվեց ՀՊՏՀ 22-րդ գիտական նստաշրջանը, որի արդյունքները կամփոփվեն վաղը` բուհում:
 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին