Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է

Դիտումների քանակ՝ 974

1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում տեղի ունեցած ուսանողների համաշխարհային կոնգրեսում` ի հիշատակ չեխ հայրենասեր  ուսանողների, նոյեմբերի 17-ը հռչակվել է ուսանողների միջազգային օր: Ուսանողության տոնը թեև  զուգորդվում է երիտասարդության, ռոմանտիկայի և զվարճանքների հետ, այնուհանդերձ այս գեղեցիկ օրվա նախապատմությունն  անչափ տխուր է ու ողբերգական:

1939 թվականի հոկտեմբերին ֆաշիստների կողմից զավթված  Չեխոսլավակիայում պետականության հիմնադրման տարեդարձը (28-ը հոկտեմբերի, 1918 թվական) նշելու համար ուսանողներն ու դասախոսները փողոց էին դուրս եկել: Գերմանական զավթիչների  ստորաբաժանումը ցրել էր խաղաղ ցույցը` գնդակահարելով բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալին: Զոհված երիտասարդի հուղարկավորությունը` 1939 թվականի նոյեմբերի 15-ին, վերածվեց իսկական բողոքի ցույցի: Ձերբակալվեցին տասնյակ ցուցարարներ:  Գեստապոյականներն ու էսէսականները վաղ առավոտից շրջափակեցին ուսանողական հանրակացարանը: 1200-ից ավելի ուսանողներ ձերբակալվել են և ուղարկվել Զակսենհաուզի ռազմագերիների ճամբար, տասնյակ ուսանողներ առանց դատի ձերբակալվեցին և փակվեցին Պրահայի շրջանի Ռուզինի բանտում: Հիտլերի հրամանով բոլոր ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը:  Ուսանողների միջազգային օրվա հռչակումը և հերոսական այս պատմությունը ևս մեկ անգամ վկայում են, թե որքան մեծ ու կարևոր դեր ունի ուսանող երիտասարդությունը ապագայի զարգացած հասարակության կերտման գործում: Ուսանող լինել նշանակում է նաև ապրել խենթ ու խելառ օրեր,  սովորել, գիտելիքներ ձեռք բերել, և իհարկե, ապրել անմոռանալի ու անկրկնելի պահեր:
Շնորհավորելով ուսանող երիտասարդներին տոնական օրվա առիթով՝  մաղթում ենք, որպեսզի նրանք զինված լինեն ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև հարուստ լինեն մշակութապես, հարստանան մտքով  ու հոգով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին